Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր՝ մայիսի 16-ին, երկար ընդմիջումից հետո շարունակվում է «Սասնա ծռերի» գործով դատական նիստը:

Դատավոր Մեսրոպ Մակյանը հայտարարեց, որ որ այսօր լազերային սկավառակներն ու կրիչներն են հետազոտվելու: Պաշտպան Արայիկ Պապիկյանը միջնորդություն ներկայացրեց այն մասին, որ դատարանը դրական եզրակացություն տա Վարուժան Ավետիսյանի մամուլի ասուլիս հրավիրելու դիմումին:

Պավլիկ Մանուկյանը նունպես միացավ այս միջնորդությանը եւ խնդրեց ընդմիջման ընթացքում ասուլիս անցկացնել: «Իներցիայով գնում եք, էս ուր եք գնում: Սպասում եք, որ ինչ որ մեկը Ձեզ ասի՝ դատավոր Մակյան, այս բանն արեք: Ազգի առաջ յուրաքանչյուր զոհի առաջ պետք է պատասխան տան: Ես բացելու եմ դավաճանների դիմակները: Պահանջում եմ, որ թույլ տաք շփվենք մամուլի հետ, երբ դուք գնաք ձեր մենաստանում հանգստանալու: Հուսով եմ, որ հետ գաք կկայացնեք որոշում, որից հետո ես Ձեզ կասեմ՝ դատավոր Մակյան, ինչը մինչեւ հիմա չեմ ասել»,-նշեց Պավլիկ Մանուկյանը:

Դատախազ Պետրոս Պետրոսյանը առարկեց, նշելով, որ նման դատավարական ընթացակարգ չկա:

Դատավոր Մակյանը հայտարարեց, որ միջնորդության քննությունը կհետաձգի: Պաշտպան Լուսինե Սահակյանն առարկեց՝ ասելով որ միջնորդությունն անհապաղ քննարկվի:

Նշենք, որ դատական նիստն անցնում է լեփ-լեցուն դահլիճում, ներկաներից շատերը ոտքի վրա կանգնած են:

Նշենք, որ Վարուժան Ավետիսյանն այսօր հայտարարություն է տարածել, որտեղ նշել է, որ հաշվի առնելով, որ Հայաստանի քաղաքական կյանքում տեղի են ունենում արմատական փոփոխություններ, ժողովրդի կամքով ձևավորվել է կառավարություն, ինքը որոշել է օգտվել խոսքի ազատության իր իրավունքից և հրավիրել մամուլի ասուլիս։ «Մամուլի ասուլիսը նախատեսում եմ իմ կալանքի վայրում՝ «Արմավիր» ՔԿՀ-ում, ասուլիսի թեման՝ «Սասնա Ծռերի ապստամբությունը և ապստամբական գործողությունների իրավաչափության հարցը»,- նշել է Ավետիսյանը: