ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նստավայրի դիմաց (Բաղրամյան 26) այս պահին հավաքվել են «Նաիրիտ» գործարանի նախկին ու ներկա աշխատակիցները. Նրանք պահանջում են գործարանի վերագործարկում եւ նախորդ 4 ամսվա աշխատավարձերի վճարում:

«Մենք ուզում ենք, որ վարչապետը տեղյակ լինի իրավիճակից եւ քայլ կատարի մեր խնդիրները լուծելու համար: Էներգետիկայի նախարարության կարծիքը մենք լավ գիտենք, որ «Նաիրիտը» չի կարող աշխատել, պետք է քանդվի եւ այլն»,-ասաց ընկերության նախկին տնօրեն Կարեն Իսրայելյանը:

Նա հայտնեց, որ երեկ հանդիպել են ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ, ով խոստացել է, որ կփորձի ներդրողներ գտնել, աջակցել, որ գործարանն աշխատի:

«Ուզում ենք ինչ ասել ենք ՀՀ նախագահին, նույնը ասենք վարչապետին»,-ասաց Իսրայելյանը: նա նշեց, որ «Նաիրիտ 2»-ի գնորդը ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հակոբ Հակոբյանն է, իսկ գործարանի տնօրենն էլ նրա եղբոր տղան է:

Ցուցարարները նշեցին, որ հունվարի 1-ից իրեցն հետ աշխատանքային պայմանագրի ժամկետն ավարտվել է, սակայն իրենց ազատման հրամաններ չեն եղել, իրենք շարունակել են աշխատել, ապահովել «Նաիրիտի» անվտանգությունը, բայց այս 4 ամսվա աշխատավարձը չեն ստացել: «Մարդիկ 4 ամիս աշխատել են, ոչ մի դրամ չեն ստացել, նաեւ ձեւակերպված չեն, իրենց պարտավորությունը կատարել են, բայց ձեւակերպված չեն»,-ասացին նրանք, նշելով, որ խոսքը 116 աշխատակիցների մասին է. «Մեկ ամսվա աշխատավարձը մոտ 8,5 մլն դրամ է, 4 ամսվանը կլինի մոտ 30-35 մլն դրամ: Հարցն այստեղ աշխատավարձը չի միայն, կա նաեւ «Նաիրիտի» վերագործարկման հարցը: Երեկ նամակ ենք հանձնել վարչապետին, ընդունել են, հուսով ենք, որ մեր նամակը կհասնի Նիկոլ Փաշինյանին եւ նա ընթացք կտա»,-ասացին նրանք:

«Նաիրիտ» գործարանի 3 ներկայացուցիչ վարչապետի աշխատակազմի կողմից հրավիրվել են ներս, բայց դեռ հայտնի չէ, թե ով է նրանց ընդունելու: