Lragir.am-ը գրում է.

Մայիսի 17-ին Եվրասիական տնտեսական միության ու Իրանի միջեւ ստորագրվել է ազատ առեւտրի գոտու վերաբերյալ համաձայնագիր, որն ունի ժամանակավոր՝ եռամյա ժամկետ եւ դյուրացնելու է մի շարք ապրանքատեսակների առեւտուրը, կամ զրոյացնելով մաքսատուրքերը, կամ նվազեցնելով դրանք:
Նույն օրը ստորագրվել է առեւտրային հարաբերության վերաբերյալ համաձայնագիր նաեւ Չինաստանի հետ:
Համաձայնագրից հրաշք սպասել անշուշտ պետք չէ, որովհետեւ միայն դրա բացակայությունը չէր հայ-իրանական հարաբերության տնտեսական ծավալների անբավարարության խնդիրը: Իսկ այդ անբավարարության մասին տարբեր առիթներով պարբերաբար խոսել են թե Հայաստանի, թե առավել եւս Իրանի պաշտոնյաները:
Հայաստանի ԵՏՄ անդամակցությունից հետո սակայն այդ հանգամանքը դարձավ հայ-իրանական առեւտրանտնտեսական հարաբերության նշանակալի գործոն, որովհետեւ խոսքն այլեւս ավելի շատ Իրան-ԵՏՄ հարաբերության մասին էր, հաշվի առնելով ԵՏՄ միասնական տարածքը:
Միաժամանակ, մի քանի ամիս առաջ Հայաստանում Իրանի դեսպանը խոսել էր նաեւ այն մասին, որ Իրանը չի տեսել Հայաստանի ԵՏՄ անդամակցության էֆեկտ հայ-իրանական հարաբերության համար:
Կտեսնի՞ Իրանն այդ էֆեկտը այժմ, երբ ստորագրվել է ԵՏՄ հետ եռամյա համաձայնագիր: Ենթակառուցվածքային առումով շատ թե քիչ բազա կա, եւ փաստաթղթային բազայի ընդլայնումն արդյոք կընդլայնի եղած ենթակառուցվածքային եւ միջավայրային բազայի էֆեկտիվությունը:
Դրան զուգահեռ, պետք է նաեւ նկատել, որ Հայաստանի նշանակությունն Իրանի համար թերեւս գերագնահատված է: Հայաստանն ինքնին աննշան տնտեսական սուբյեկտ է Այլ հարց է տարանցիկ նշանակությունը ու կամուրջը դեպի ԵՏՄ: Այդ տեսանկյունից Իրանն ունի ԵՏՄ հետ ծովային հաղորդակցություն, Հայաստանը միակ ցամաքային սահմանն է:
Տարանցիկ նշանակության հարցում խնդիրը այլ հարթության եւ աշխարհաքաղաքական թերեւս այլ ուղղության վրա է: Բայց ԵՏՄ-ն ներկայում մեծ հավանականությամբ կարող է Իրանի համար ստանալ առավել լայն նշանակություն եւ անհրաժեշտություն, ոչ միայն ինքնին տնտեսական խոշոր միավոր եւ շուկա լինելու պատճառով, այլ նաեւ ԱՄՆ հնարավոր նոր պատժամիջոցների, որ կարող են լինել Իրանի դեմ՝ միջուկային գործարքից դուրս գալուց հետո:
Իրանն ու ԵՏՄ-ն տեւական ժամանակ է, ինչ բանակցում են ազատ առեւտրի համաձայնագրի շուրջ, ԵՏՄ պաշտոնյաներն ակնարկում էին, որ այդ հարցում Իրանը բարդ գործընկեր է: Թեհրանը վարում է ընդգծված պրոտեկցիոնիստական քաղաքականություն, պաշտպանելով իր շուկան: Դրա պատճառներն անշուշտ մի քանիսն են: Տեւական ժամանակաշրջանի փակ ցիկլային տնտեսությունը անկասկած օգնում է դիմանալ, բայց բավարար չափով չի սպասարկում ժամանակի աճող պահանջները բավարարելու խնդիրը: Իսկ իրանը առնվազն ռեգիոնալ խաղացող է երկու կարեւոր ուղղություններով՝ Կովկաս-Կասպիցի տարածաշրջան եւ Մերձավոր Արեւելք: Այդ խաղը պահանջում է ռեսուրսներ, որոնք բավարարելը ավելի ու ավելի դժվար է փակ տնտեսության պայմաններում:
Թերեւս դրանով էր նաեւ պայմանավորված, որ Իրանը գնաց միջուկային ծրագրի հարցում փոխզիջման, առնվազն ժամանակ շահելու համար:
Ներկայում սակայն առկա են խնդիրներ: Թիվ մեկ գերտերությունը դուրս է գալիս այդ գործարքից, հայտարարում պատժամիջոցները վերականգնելու եւ նորը կնքելու մասին, միեւնույն ժամանակ թելադրում է կոշտ մրցակցության նոր ալիք Մերձավոր Արեւելքում:
Հավանական է, որ հենց այդ նոր իրողություններն են եղել ԵՏՄ հետ Իրանի համաձայնության կնքման պատճառը, որով Թեհրանը կփորձի տնտեսության համար ստանալ լրացուցիչ օդանցք եւ ռեսուրսների գեներացման հնարավորություն: Թերեւս պատահական չէ, որ համաձայնագիրը կնքվել է երեք տարի ժամկետով: Դա վկայում է, որ կողմերից մեկին կամ երկու կողմին էլ հրատապ անհրաժեշտություն է եղել թեկուզ միջնաժամկետ կտրվածքի մի համաձայնություն, որը հիմնական չէ, սակայն կտա հավելյալ տնտեսական հնարավորություն բարդ ժամանակահատվածում:
Որովհետեւ ԱՄՆ պատժամիջոցների քաղաքականությունը կոշտանում է նաեւ ՌԴ հանդեպ:
Այդպիսով, Իրանի միջուկային ծրագրից դուրս գալու ԱՄՆ նախագահի որոշումը Հայաստանի համար մի կողմից առաջացնելով մտահոգության հիմք, մյուս կողմից թերեւս անուղղակի օժանդակություն է եղել Հայաստանին՝ ԵՏՄ-Իրան համաձայնագրի մասով, որը կարող է բացել տնտեսական նոր հնարավորություն: Ւհարկե, դեռ պետք է օգտվել այդ հնարավորությունից, բայց ներկայում Հայաստանի նոր կառավարությունն այդ տեսանկյունից ունի ինքնուրույն քաղաքականություն վարելու բավական մեծ պաշար՝ հանրային բացառիկ լեգիտիմության շնորհիվ: Ըստ այդմ, Հայաստանն ունի առկա հնարավորություններից օգտվելու ավելի մեծ ներուժ:

 Նյութի աղբյուրը՝ Lragir.am