«Սուրմալու» տոնավաճառի սեփականատեր Ռազմիկ Զախարյանը չի պատրաստվում տեղի տալ իր աշխատակիցների պահանջին եւ նվազեցնել վարձավճարը: Այս մասին նա հայատարեց այսօր՝ մայիսի 21-ին տոնավաճառում բողոքի ակցիայի ժամանակ:

Ցույցին է միացել նաեւ «Համերաշխություն» ՀԿ-ի նախագահ Արմեն Մովսիսյանը, ով աշխատում է «Առինջ մոլ» տոնավաճառում: Վերջինս դիմելով Ռազմիկ Զախարյանին, ասաց. «Մենք միացել ենք այս նախաձեռնությանը, բոլոր շուկաներում՝ «Փեթակում», «Մալաթիա»-ում եւ մյուս շուկաներում եւս պետք է վարձերն իջեցնել: Երկրում դրական կերպով փոխվել է մթնոլորտը, «Առինջ մոլում» շատ մեծ փոխզիջումներ եղան, հիմա մեր կոչն է ձեզ՝ «Սուրմալու»-ի սեփականատիրոջը, ընդառաջ գնաք ժողովրդին եւ իջեցնեք վարձավճարները»:

Ի պատասխան «Սուրմալուի» սեփականատերն ասաց. «Որ օրը կդառնամ Ծառուկյան Գագիկի պես օլիգարխ, այդ օրը, խոսք եմ տալիս բոլորիդ համար դարձնեմ ձրի: Բոլորն էլ գիտեն, որ ինքն օլիգարխ է, մեծահարուստ է: Ես չեմ ասում, թե ինչով է աշխատել, կարեւորն այն է, որ ինքը այդ հնարավորությունն ունի»:

Նա ընդգծեց, որ ոչ ոք չի կարող իրեն պարտադրել՝ նվազեցնել վարձավճարները, իսկ ինքը չի կարող նվազեցնել, որովհետեւ հարկային պարտավորությունները պետք է կատարի:

Արմեն Ներսիսյանն էլ նշեց. «Ասեք, թե ով է խանգարում, որ վարձավճարներն իջեցնեք, ես գնամ այդ խանգարողին հանդիպեմ: Հարկայինն ասում է վարձավճաը պետք է այսքա՞ն լինի: Կշարունակենք մեր պայքարն այնքան, մինչեւ իջեցնեք: «Փեթակ», «Մալաթիա» մյուս բոլոր տոնավաճառներն էլ պետք է իջեցնեն»:

Ռազմիկ Զախարյանն էլ նկատեց, որ սա միակ շուկան է, որ նախկին իշխանության թեւի տակ չի գտնվել. «Մյուսները նախկին իշխանության մարդիկ էին, իրենք պետք է իջեցնեն, այլ ճար չունեն»: