Վերջին օրերին շատ ուսուցիչներ դիմում են ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանին, հարցնում, թե ինչպես դուրս գան հանրապետական կուսակցությունից։ Այդ մասին նախարարն ասել է ֆեյսբուքյան ուղիղ եթերով։

«Շատ հանգիստ, գնում եք ձեր ՀՀԿ տարածքային մասնաճյուղը, դիմում եք գրում կամ ձեր հետ գրած տանում եք երկու օրինակից։ Մեկը տալիս եք իրենց, մյուսին էլ մակագրում են, որ ստացել են ձեր դիմումը։ Հանկարծ եթե լացուկոծեր լինեն, որ մի դուրս եկեք, ՀՀԿ-ն վերադառնում է (նման խոսակցություններ եղել են, պատահական չեմ ասում), վերցրեք այդ նամակները պատվիրված նամակով ուղարկեք նույն մասնաճյուղ»,- ասել է Հարությունյանը։

Նա նշել է, թե տեղեկություններ ունեմ, որ շատ դպրոցներում որտեղ կան հանրապետական ուսուցիչներ, գանձում են նաեւ անդամավճարները։ «Այն հեքիաթները, որ մենք վերադառնալու են, ամեն ինչ հին ձեւերով է լինելու, ոչ մի բան նախկինի պես չի լինելու։ Դուք ձեր դիմումներով ՀՀԿ-ին կդարձնեք անցյալ»- ասել է Արայիկ Հարությունյանը։

Նախարարը նաեւ խնդրեց ֆեյսբուքով գոնե մի քանի օր նամակ չգրել, քանի որ հազարավոր նամակներ, զանգեր են ստանում եւ ֆիզիկապես չեն հասցնում պատասխանել, իսկ խնդիրներ ահազանգելու դեպքում հարկավոր է էլեկտրոնային նամակներ ուղարկել [email protected] հասցեին, եւ բացառապես հայատառ։