Մամուլում տեղեկություններ եղան, որ ՀՀԿ ԳՄ նիստում Սերժ Սարգսյանը հորդորել է պահել միասնականությունը եւ երկու-երեք ամիս սպասել, որից հետո «լավ է լինելու»:
ՀՀԿ-ն առայժմ պահում է մեծամասնությունը խորհրդարանում եւ իշխանությունը տեղերում, ՀՀԿ-ական են համայնքների ղեկավարների գերակշիռ մեծամասնությունը: Բացի այդ, ընտրովի մարմիններում, մասնավորապես Գլխավոր դատախազություն, ԿԸՀ եւ այլն, գտնվում են ՀՀԿ-ի նշանակած մարդիկ:
Շատերը նշում են, որ Հայաստանում երկիշխանություն է, երբ գործադիր իշխանությունը գտնվում է քաղաքական փոքրամասնության ձեռքում, օրենսդիրը եւ ՏԻՄ-ը՝ մեծամասնության: Եվ սա հնարավորություն է տվել ՀՀԿ-ին դուրս գալ քաղաքական շոկից եւ դիրքավորվել որպես ընդդիմություն:
ՀՀԿ-ն պատրաստվում է ընդունել կառավարության ծրագիրը, որովհետեւ հակառակ դեպքում խորհրդարանը ցրվելու է, եւ նշանակվելու են արտահերթ ընտրություններ: ՀՀԿ-ն այս դեպքում որեւէ շանս չունի, եւ զուր չէ, որ ՀՀԿ-ականները դեմ են արտահայտվում արտահերթ ընտրություններին: Նրանք դեմ են նաեւ ընտրական օրենսգրքի փոփոխությանը, որով ենթադրաբար վերացվելու է ռեյթինգային ընտրակարգը, որը ՀՀԿ-ին հնարավորություն տվեց փողով անաղմուկ քվեարկություն կազմակերպել 2017-ի ապրիլի 2-ին:
ՀՀԿ-ի մարտավարությունն այս առումով հասկանալի է՝ պահպանել ներկայիս խորհրդարանը եւ իշխանությունը տեղերում ու իրավապահ մարմիններում, այն հույսով, որ հերթական՝ 2022-ի ընտրությանը նոր կառավարությունը հասցրած կլինի կորցնել հանրային աջակցությունը:
Սակայն ի՞նչ նկատի ունի Սերժ Սարգսյանը երկու-երեք ամիս ասելով: Դժվար թե այդ ընթացքում կառավարությունը հասցնի կորցնել հանրային աջակցությունը, առավել եւս ՀՀԿ-ի թողած քաղաքական ու տնտեսական «ժառանգության» պայմաններում, երբ կառավարության ցանկացած նույնիսկ ոչ պոպուլիստական քայլ արժանանում է հանրային աջակցության: Այդ քայլերը բազմաթիվ ու բազմազան են եւ կարող են բավականացնել ընդհուպ մինչեւ 2022 թ.:
Ավելին, այդ քայլերն արդեն ներկայում լիովին բացահայտում են տարիներ շարունակ գործված հանցագործությունները, եւ չի օգնում նույնիսկ այն, որ «թղթերով ամեն ինչ կարգին» է:
Ըստ ամենայնի, 2-3 ամիսը Սերժ Սարգսյանի ու ՀՀԿ-ի կարճաժամկետ պլանն է, որի ընթացքում հույս ունեն կարգավորել փողի ու սեփականության հարցերը: Արդեն կան տեղեկություններ կապիտալի ակտիվ տեղաշարժերի մասին, որոնք հասնում են հարյուրավոր միլիոն դոլարների:
Ի վերջո, ՀՀԿ-ին ուրիշ ի՞նչը կարող է հետաքրքրել, տասնամյակներ շարունակ հակապետական ու հակաժողովրդական քաղաքականություն վարելուց հետո: Եվ հենց այստեղ է այս կուսակցության խնդիրը՝ նրա ցանկացած քայլ ու որոշում հանրությունը դիտարկում է որպես պետության ու ժողովրդի դեմ հերթական հանցագործություն ու ռեւանշի փորձ՝ դրանից բխող հետեւանքներով:
Փոխարենը ՀՀԿ-ն շանս ունի՝ ընդունել հանրային օրակարգը եւ դրա կարեւորագույն երեք օրենքները՝ Ընտրական օրենսգիրքը, Կուսակցությունների մասին օրենքը եւ դեկապիտալիզացիայի մասին օրենքը, նպաստելով համակարգային փոփոխություններին:

Նյութի աղբյուրը՝ Lragir.am