ՏՏ ոլորտի զարգացումն առաջանահերթություն է մեր կառավարության եւ Հայաստանի Հանրապետության համար: Այս մասին այսօր՝ մայիսի 23-ին Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) 18-րդ համաժողովի բացման ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Կան խնդիրներ, որոնց լուծումը պրակտիկ դաշտում է, բայց կա մի կարեւոր նրբություն, թե ինչու ենք մենք կարեւորում ՏՏ զարգացումը, եւ դա ոչ միայն պրակտիկ խնդիր է, մեր կարծիքով, այլեւ գաղափարական: Ըստ էության՝ տեղեկատվական տեխնոլոգիաների մեր ընկալումը հետեւյալն է. դա մի գործիք է, որն ընդլայնում է հնարավորի սահմանը եւ ավելի նեղացնում անհնարի սահմանը: Ես կարծում եմ, որ Հայաստանում այս ժամանակաշրջանի ամենակարեւոր առանձնահատկությունը հենց դա է՝ անհնարը մեզ համար գնալով ավելի ու ավելի հնարավոր է դառնում եւ հնարավորի սահմաններն ավելի ու ավելի են ընդլայնվում: Եվ սա վերաբերում է բոլոր ոլորտներին»,- ասել է նա:

Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ Հայաստանը եւ հայ ժողովուրդը տեւական ժամանակ արգելակվել է անհնարինություն վերնագրված պատնեշների առաջ. «Մենք այսօր պետք է արձանագրենք, որ անհնար մեզ համար ոչինչ չկա, եւ մեր նպատակներն իրագործելի են: Դուք կարող եք համարել, որ ունեք կառավարության լիակատար աջակցությունը»: