Հայաստանի նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի պետ Արշակ Հակոբյանի եղբորը՝ Սարգիս Հակոբյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել:

Այս առնչությամբ ՀՀ Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունում նշվում է.

«ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ` ապրիլի 20-ին Այվազովսկի փողոցում անչափահասների նկատմամբ կիրառված բռնության դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, բազմակողմանի, օբյեկտիվ եւ լրիվ քննությունն ապահովելու ուղղությամբ։

Նախնական քննությամբ բավարար տվյալներ են ձեռք բերվել, որ 2018թ. ապրիլի 20-ին, ժամը 13։00-ի սահմաններում, Երեւան քաղաքի Այվազովսկի 29 հասցեի դիմաց մի խումբ անձինք դիտավորությամբ կոպիտ կերպով խախտել են հասարակական կարգը, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսեւորելով, զուգորդվել անձի նկատմամբ բռնություն գործադրելով, այդ թվում՝ որպես զենք օգտագործված մահակի գործադրմամբ։ Պարզվել է խուլիգանությանը մասնակցություն ունեցած 4 անձի ինքնությունը, անհատականացվել նրանց գործողությունները։

Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ Ս.Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով՝ խուլիգանություն՝ որպես զենք օգտագործվող մահակի գործադրմամբ։ Քննիչը միջնորդություն է ներկայացրել նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ։

Եւս երեք կասկածյալ հրավիրվել է բաժին, սակայն չեն ներկայացել եւ քննիչը նրանց ձերբակալելու որոշում է կայացրել, որի կատարումը հանձնարարվել է ոստիկանության բաժնին։

Բացի այդ՝ որոշումներ են կայացվել նրանց որպես մեղադրյալ ներգրավելու վերաբերյալ. նրանցից՝ Գ.Ազարյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին եւ 5-րդ կետերով, Ս. Բաղդասարյանին եւ Վ. Մխիթարյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով»:

Իսկ արդեն այսօր առավոտյան NEWS.am-ին հայտնի դարձավ, որ երեք կասկածյալներին եւս հայտնաբերել են եւ նրանք ձերբակալվել են: