Աժ պատգամավոր Գրիգոր Ավալյանի մանդատը վայր դնելուց հետո խորհրդարանական աշխատանքին է վերադարձել «Կիլիկիա» գարեջրի գործարանի սեփականատեր Հակոբ Հակոբյանը։ 2017–ի խորհրդարանական ընտրություններում երկուսն էլ տարածքային ցուցակով առաջադրվել էին Տավուշի մարզում, Ավալյանը ձայների մեծամասնությունը ընտրվեց պատգամավոր, իսկ երկարամյա պատգամավոր Հակոբ Հակոբյանը պարտվեց։ Ավալյանը «Գրանդ հոլդինգի» սեփականատեր Վարդանյան եղբայրների ներկայացուցիչն էր խորհրդարանում։ Նա մանդատը վայր էր դրել մայիսի սկզբին։ Նրան հաջորդած պատգամավոր Հակոբ Հակոբյանը NEWS.am–ի հետ զրույցում հայտարարեց, թե անկախ իշխանափոխությունից՝ չի պատրաստվում լքել ՀՀԿ–ն։

Պարոն Հակոբյան, գաղտնիք չէր, որ ՀՀԿ անդամատոմսը, պատգամավորի մանդատը գործարարների համար բիզնեսը զարգացնելու երաշխիք էր, ՀՀԿ–ն արդեն իշխանություն չէ, հնարավո՞ր է քաղաքական իրավիճակի փոփոխությամբ պայմանավորված լքեք կուսակցությունը։

Ի՞նչ կապ ունի իշխանություն կամ ընդդիմություն է, բացարձակ նշանակություն չունի։ Ես որպես երկարամյա պատգամավոր երբեք չեմ ասել՝ սա իշխանության հարցն է, պետք է կողմ քվեարկեմ, սա էլ ընդդիմության, պետք է դեմ լինեմ։ Երբ գտել եմ մեր երկրի տնտեսության համար ճիշտ հարցեր են, կողմ եմ քվեարկել, որը հակառակն է եղել, դեմ եմ եղել, կամ մի գուցե չեմ քվեարկել։ Իմ ընտանիքն է գործարարությամբ զբաղվում։ Աշխատել ենք, աշխատելու ենք ու շարունակելու ենք աշխատել։ Լավ կլինի, կասենք՝ լավ է, վատ կլինի, կասենք՝ վատ է։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ստվերի դեմ են պայքարելու, օրենքի առջեւ բոլորը հավասար են լինելու։ Այս կապակցությամբ մտահոգվելու պատճառ ունե՞ք։

Իմ արտադրանքը ստվեր անել հնարավոր չի, քանի որ դրոշմապիտակը փակցված է։ Ես ստվերի մասին մտածելու որեւէ բան չունեմ, ով աշխատում է ստվերով, թող նա մտածի։ Կարծում եմ՝ ես էդ հարցին պատասխանեցի, օրը գա բարին հետը, ես բոլորի ասածները ընդունում եմ ի գիտություն։ 87 թվականին, երբ որ կոպերատիվ շարժումը սկսվեց, ես էն ժամանակվանից զբաղվել եմ բիզնեսով ու շարունակելու եմ աշխատել, եթե պատգամավոր էլ չլինեմ։ Թող մեկը ասի, որ ես քաղաքական հովանավորություն եմ ունեցել։ Եթե դուք հիշում եք իմ ձեռնարկության վրա մի անգամ 650 միլիոն են տուգանել, մի անգամ էլ 110 միլիոն դրամով են տուգանել, որը զրոյացվել է, քանի որ ապացուցել ենք մեր ճշմարտացիությունը։ Թող մեկը կանգնի ասի, որ ինձ տանիք է եղել։