Հայաստանի էներգետիկ ենթակառուցվածքների ու բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը վերջապես բացահայտել է դարի գաղտնիքը՝ Իրանի առաջարկած գազի գինը: Նրա խոսքով, Իրանը սահմանին պատրաստ է գազ վաճառել165 դոլարով 1000 խ/մ դիմաց:

Իրանից գազի մատակարարման խնդիրը երկար ժամանակ պարուրված էր մշուշով, իշխանությունը խուսափում էր կոնկրետ պայմաններ ու գին նշել:
Հիշեցնենք, որ Հայաստանը ռուսական գազը սահմանին գնում է 150 դոլարով, սակայն Գազպրոմ Արմենիան, որին պատկանում է Հայաստանի գազաբաշխիչ ցանցը, բնակչությանը գազ է վաճառում 280-290 դոլարով, այսինքն՝ մարժան մոտ 100% է:
Ի դեպ, 2016 թվականին Մոսկվան Հայաստանին գազ էր վաճառում սահմանին 165 դոլարով: Պետք է ենթադրել, որ Իրանը հենց այդ ժամանակ է առաջարկել 165 դոլար գինը: Մոսկվան դեմփինգ է մտածել՝ իջեցրել է գինը սահմանին, սակայն մեծացրել մարժան: Այդպես գումար չի կորցրել, բայց թույլ է տվել Հայաստանի իշխանություններին պնդել, որ Իրանի առաջարկած գինն ավելի թանկ է, քան ռուսականը: Չնայած ստացվում է, որ 2016 թվականին Իրանը նույն գինն է առաջարկել, ինչ Ռուսաստանը:
Այս տարիներին գազի գնագոյացումը հայ-ռուսական օրակարգի ստվերային հարցերից մեկն էր: Նիկոլ Փաշինյանը, երբ պատգամավոր էր, բազմիցս արծարծել է այս հարցը: Մարժան, այսինքն՝ սպառողների համար գինը սահմանում է Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը: Այն պետք է բացատրի, թե ինչպես է գազը Յամալից Հայաստանի սահման հասնում 150 դոլարով, իսկ Հայաստանի սահմանից սպառողներին՝ 140 դոլարով:
Էներգետիկայի նախկին նախարարները թաքցրել են Իրանի առաջարկած գները: Հանգուցյալ Արմեն Մովսիսյանը ստիպված էր ստել, իսկ վերջին նախարարը՝ Աշոտ Մանուկյանը, լրագրողների հետ չէր շփվում եւ գրեթե չէր մասնակցում կառավարության նիստերին: Նա մի անգամ է հայտարարություն արել, այն էլ ռուսական ընկերության օգտին: Նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը նույնպես բազմիցս կրքոտ ելույթներ է ունեցել ի պաշտպանություն Գազպրոմի:
Նոր նախարարը՝ Արթուր Գրիգորյանը, Գագիկ Ծառուկյանի կադրն է, ով, ինչպես նշում են, կենսական շահեր ունի Գազպրոմի հետ: Ծառուկյանը երկար տարիներ գազալցակայանների բիզնես ուներ, որն աշխատել է Գազպրոմից հատուկ գներով գազի ձեռքբերման շնորհիվ: Միայն կռահել կարելի է, թե ինչ է Գազպրոմը ստացել դրա դիմաց: Կարեն Կարապետյանը, ինչպես գրում են, չեղարկել է Ծառուկյանի արտոնությունները:
Այժմ Ծառուկյանն էներգետիկայի նախարար է նշանակել իր մարդուն: Նա կամ պատահաբար, կամ էլ հատուկ բացահայտել է գաղտնիքը եւ հայտնել իրանական գազի գինը: Ռոբերտ Նազարյանը կարո՞ղ է ՀԾԿՀ նիստ հրավիրել եւ հայտարարել, որ 90 % մարժան չափից շատ է: Գազպրոմը ստիպված է լինելու կամ իջեցնել սակագինը, կամ էլ բարձրացնել գինը սահմանին: Այդ դեպքում մրցակցային կդառնա ոչ միայն իրանական, այլ անգամ թուրքմենական գազը:

Նյութի աղբյուրը` Lragir.am