Այսօր Վրաստանը տոնում է Հանրապետության 100-ամյակը: Տոնակատարություններին մասնակցելու համար Թբիլիսի է մեկնել Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը: Նա հանդիպել է վարչապետ Կվիրիկաշվիլիին, նախագահ Մարգվելաշվիլիին եւ անգամ Բիձինա Իվանիշվիլիին: Պաշտոնական հաղորդագրությունում նշված է, որ Սարգսյանն ու Իվանիշվիլին ընկերական հարաբերություններ ունեն: Մայիսի 30-ին Վրաստան է մեկնելու նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Հայաստանում հեղափոխությունից հետո Վրաստանի ու Հայաստանի հարաբերությունները փոխվելու հնարավորություն ունեն: Հարցն այն է, թե ինչ դեր կստանձնի Հայաստանը:
Երեկ Հայաստանի փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, մեկնաբանելով Պրահայում Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ ձեռքբերված համաձայնությունն առեւտրային միջանցքների մասին, ակնարկել է, որ մայիսի 14-ին Սոչիում Նիկոլ Փաշինյանն այդ մասին խոսել է Վլադիմիր Պուտինի հետ:
«Մենք բարձր ենք գնահատում կողմերի պատրաստակամությունն ու ջանքերը մեզ համար չափազանց կարևոր այս պայմանագրի իրականացման ուղղությամբ», - գրել է Ավինյանը: Պաշտոնական Երեւանը ցույց է տալիս, որ Փաշինյանը միջնորդել է Պուտինի առաջ, եւ Երեւանը կարող է մոդերատոր դառնալ Թբիլիսիի համար, եթե Վրաստանը ցանկանա կարգավորել հարաբերությունները Ռուսաստանի հետ:
Պուտինն իր քայլն արել է: Նա համաձայնվել է աշխատանքային խումբ ստեղծել համաձայնագրի կյանքի կոչման համար: Դրա համար Ռուսաստանը պետք է մի փոքր «անտեսեր» Աբխազիային ու Հարավային Օսիային: Դրա դիմաց Ռուսաստանին ի՞նչ է պետք Վրաստանից:
Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Գրիգորի Կարասինը, ով բանակցում է Վրաստանի հետ, «լուրջ անհանգստություն է հայտնել Վրաստանի ու ՆԱՏՕ-ի խորացող համագործակցության կապակցությամբ»: Նա ասել է, որ արտատարածաշրջանային ուժերի կողմից Հարավային Կովկասի «ռազմական յուրացումը» ուղիղ սպառնալիք է Ռուսաստանի համար: ՆԱՏՕ-ում Վրաստանի գործընկերները չեն թաքցնում, որ հենց դրա համար են զինում նրան, նշել է Կարասինը:
Նա ընդգծել է, որ «այս իրավիճակում Ռուսաստանն իրավունք ունի համարժեք միջոցառումներ ձեռնարկել իր եւ իր դաշնակիցների անվտանգության ամրապնդման համար»:
Ինչպե՞ս է Ռուսաստանը ամրապնդելու գործընկերների անվտանգությունը: Ինչպե՞ս է Հայաստանը վերաբերվում ՆԱՏՕ-ին ինտեգրվելու Վրաստանի մտադրությանը:
Նիկոլ Փաշինյանի այցը Վրաստան կարող է կարեւոր հանգրվան լինել Հայաստանի արտաքին քաղաքական նոր կուրսի սահմանման համար: Երեկ Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն ասել է, որ Հայաստանը զգուշորեն առաջ է տանելու եղած արտաքին քաղաքական կուրսը:

Նյութի աղբյուրը` Lragir.am