«Ժողովուրդ» թերթը գրում է. «Փետրվարի 13-ին Երևանի քաղաքապետարանում ավագանու նիստի ժամանակ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ հարուցված քրեական գործի նախաքննությունը տևական ժամանակ է՝ կանգ էր առել: Սակայն «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ վերջերս այդ գործով վերսկսվել են քննչական գործողությունները:

Նախաքննություն իրականացնող մարմինը այս օրերին հարցաքննության է կանչում գործով վկաներին` հիմնականում ՀՀԿ-ականների: Չնայած սրան` այս գործով մինչ օրս մեղադրյալ չկա, թեև միջադեպից անցել է չորս ամիս, ավելին՝ միջադեպի ողջ տեսագրությունը կա:

Հիշեցնենք՝ վերոնշյալ օրը ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամները Էրեբունի վարչական շրջանի բնակիչների խնդրանքով տարիներ շարունակ իրենց մոտ տիրող կոյուղաջրերի գարշահոտության խնդիրը տեղափոխել էին Երևանի քաղաքապետարան: Մասնավորապես, ԵԾ կին անդամները կոյուղաջրով լի տարայով փորձել էին մոտենալ Տարոն Մարգարյանին, սակայն ՀՀԿ ավագանու անդամները ամեն կերպ կանխեցին: Արդյունքում փաստի առթիվ հարուցվեց քրեական գործ` խուլիգանության և ծեծի հատկանիշներով»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: