Երեւանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանին մաղթում ենք առողջություն եւ ի աջակցություն դադարեցնում ենք բողոքի ակցիաները: Այս մասին Facebook-ի իր էջում գրառում է արել ԵՊՀ ռեկտորի հրաժարականը եւ այլ պահանջներ ներկայացնող «ԵՊՀ Ռեստարտ» նախաձեռնության կազմակերպիչներից Դավիթ Պետրոսյանը։

«Գիտխորհրդի դահլիճը շարունակում է մնալ ազատագրված ուսանողական տարածք: Տարածքը բաց է քննություններ պարապելու համար: Պատրաստ եւ ուրախ կլինենք հանդիպել նաեւ մեր դասախոսներին»,-գրել է նա:

Նշենք, որ նախօրեին ռեկտորի հրաժարականը պահանջող ուսանողները բուհի գիտխորհրդի դահլիճում հանդիպել էին ռեկտոր Արամ Սիմոնյանի հետ: Հանդիպումից հետո նրանք նստել էին մուտքի մոտ եւ թույլ չէին տալիս Արամ Սիմոնյանը դուրս գա դահլիճից: Ավելի ուշ ուսանողները շրջափակել էին ռեկտորի աշխատասենյակը: Դեռ երեկ Արամ Սիմոնյանի զգացողությունը մի փոքր վատացել էր, իսկ ավելի ուշ հայտնի դարձավ, որ նա հոսպիտալացվել է: