«Իրատես» թերթը գրում է. «Այս կառավարության ամենաակտիվ անդամներից մեկը՝ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը, մեծ աղմուկով նշանավորեց պաշտոնավարման մեկնարկը, հասցրեց բացահայտել որոշ չարաշահումներ, բայց հենց հերթը հասավ «Այբ» կրթահամալիրին, կարծես դադար վերցրեց: Մեր տեղեկություններով, նախարարն առայժմ մեկիկ-մեկիկ ուսումնասիրում է հակափաստարկները և պատրաստվում հերթական «լայվին»:

Իսկ մինչ այդ, իրազեկ աղբյուրների փոխանցմամբ, նախարարը ձեռնամուխ է եղել մյուս չարաշահումների բացահայտման գործին, առայժմ՝ առանց աղմուկի: Ամենաուշագրավն այն է, որ «հեղափոխությունից առաջ» այս նախարարությունը ղեկավարել է այսօր կրկին իշխանությունում քվոտաներ ունեցող ու այս իշխանության պատասխանատվությունը կիսող դաշնակցական Լևոն Մկրտչյանը:

Այսինքն, եղած չարաշահումները որքան ՀՀԿ-ի իշխանությանն են, նույնքան էլ՝ Դաշնակցությանը, առավել եևս, որ այս ոլորտը գրեթե միշտ եղել է ՀՅԴ-ի «հովանու» ներքո, մասնավորապես՝ Լևոն Մկրտչյանի: Ստացվում է՝ Արայիկ Հարությունյանը նախ պետք է իրենց գործընկեր դաշնակցականներին «քընընի», թե ինչու են տարիներ շարունակ կոռուպցիոն սխեմաներ գործել կրթության համակարգում, և ինչու չեն կանխվել դրանք:

Եթե ոչ ԱԱԾ-ի օգնությամբ, գոնե գործընկերության շրջանակում նորանշանակ նախարարը թող կանչի ու մի բաժակ սուրճի ընկերակցությամբ զրուցի Լևոն Մկրտչյանի հետ: Ի՜նչ հետաքրքիր բաներ կարող են ջրի երես դուրս գալ, ինչքա՜ն բան կիմանա ոլորտի մասին անփորձ նախարարը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: