Արարատի մարզը հիմնականում ապրում է գյուղատնտեսական աշխատանքների շնորհիվ: Այս մասին այսօր՝ հունիսի 1-ին, կառավարության շենքի մոտ լրագրողների հետ զրույցում նշեց Արարատի մարզի Նոր Կյանքի գյուղապետ Գարիկ Սարգսյանը, ով այսօր կառավարության նիստում կնշանակվի Արարտի մարզպետ:

Նա նշեց, որ իրենք արդեն Նոր կյանք համայնքում ունեն գյուղապետի իրենց թեկնածուն, սակայն միայն ասաց, որ նա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է:

Հարցին, թե որ չափանիշներով պետք է առաջնորդվեն մարզպետները, Գարիկ Սարգսյանը պատասխանեց. «Ցանկացած մարզում մարզպետը պետք է ժողովրդին հասանելի լինի եւ իր մազրի բնակիչների հոգսը իմանա, գնահատի եւ խնդիրներին լուծում տա:

«Պատրաստվում եմ բոլոր համայնքներով շրջել, ոչ թե նստել սենյակում ու սպասել, թե երբ են բնակիչներն իրենց խնդիրներով գալու մարզպետարան»,-ասաց նա:

Դիտարկմանը, թե Արարատի մարզպետը (Արամայիս Գրիգորյանը-խմբ) օլիգարխ պաշտոնյաներից է եղել, հնարավո՞ր է մարզպետարանում չարաշահումներ հայտնաբերվեն, Գարիկ Սարգսյանն արձագանքեց. «Չեմ շտապում ասել, թե չարաշահումներ կլինեն: Կառավարությունը որդեգրել է չարաշահումներ հայտնաբերելու եւ այն հանրությանը ներկայացնելու քաղաքականություն: Նույնը կլինի նաեւ մարզերում»: