ՀՀԿ-ն պատրաստ է թե ընտրական օրենսգրքի շուրջ, թե արտահերթ ընտրությունների վերաբերյալ քննարկումների։ Այդ մասին ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողներին ասել է արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը։

«Սակայն համարում ենք, որ այդ քննարկումները պետք է տեղի ունենան քաղաքական ուժերի միջեւ։ Խորհրդարանում ներկայացված բոլոր ուժերը պետք է մասնակցեն այդ քննարկումներին։ Սա է պահանջում ժողովրդավարական մոտեցումը, թե մեզանում ձեւավորված ավանդույթը»,- ասել է Հարությունյանն ու հավելել. «Առ այս պահը, դեռեւս որեւէ առաջարկություն՝ մասնակցելու նման քննարկումների մասնակցելու, չենք ստացել, բայց հայտնում ենք մեր պատրաստակամությունը»։

Ըստ Հարությունյանի, իրենք ողջունում են Փաշինյանի միտքը, թե ընտրությունները պետք է անցկացվեն մի քանի կարեւորագույն մեխանիզմներ ներդնելով։ «Մասնավորապես, որպես կարեւորագույն մեխանիզմներ պարոն Փաշինյանը նշել է, որ պետք է լինի մատնահետքերի միասնական բազա․ Համարում ենք, որ սա շատ օգտակար առաջարկություն է եւ պատրաստ ենք մասնակցել քննարկումների։ Մեկ այլ դրույթ, համաձայն որի, պետք է ապահովվի ցուցակների մոբիլությունը։ Այսինքն, եթե որեւէ անձ դուրս է գալիս երկրից, պետք է արգելակփակվի նրա ընտրական իրավունքը»,-ասել է Հարությունյանը։

Նա նշել է, թե իրենք համարում են, որ ռեյտինգային համակարգը շատ օգտակար համակարգ է, քանի որ 100 տոկոսանոց ընտրակարգի դեպքում քաղաքականությունը կենտրոնանում է մայրաքաղաքներում, եւ բերում է բացասական հետեւանքների։ «Այդուհանդերձ, մենք պատրաստ ենք քննարկել այդ հարցը»,- ասել է Հարությունյանը։ Նա նաեւ հերքել է խոսակցությունները, թե իրենք տապալելու են ընտրական օրենսգրքի ու արտահերթ ընտրությունների քննարկումները։

Հարցին, արդյոք պատրաստ են արտահերթ ընտրությունների, նա պատասխանել է, որ իրենք արտահերթ ընտրությունների որեւէ արգելք չեն տեսնում, սակայն պետք է քաղաքական ուժերի միջեւ քննարկումներ լինեն։