Շատ հաջող եւ արդյունավետ այց ենք ունեցել Վրաստան, որը հայ-վրացական հարաբերությունները նոր մակարդակի կբարձրացնի: Այս մասին այսօր՝ հունիսի 1-ին, կառավարության նիստի սկզբում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը

Այդուհանդերձ վարձապետը նկատեց, որ Թբիլիսիում տեղեկացել է մի խնդրի մասին, որ զբոսաշրջիկներով ավտոբուսը Բագրատաշենի անցակետից մուտք է գործել Հայաստանի տարածք եւ մոտ 30-40 կմ վարելուց հետո շրջվել, վերադարձել է Վրաստան։

«Ավտոբուսի վարորդը պատճառաբանել է, որ այս ճանապարհներով վարելու դեպքում իր թանկարժեք ավտոբուսը ջարդուփշուր կլինի: Տրանսպորտի նախարարից ուզում եմ տեղեկանալ, թե ճանապարհների վերանորոգման ինչ ծրագրեր կան»,-հարցրեց վարչապետը։

Ի պատասխան, ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանն ասաց, որ առավել վատ վիճակ է Իջեւան - Նոյեմբերյան ճանապարհահատվածում. «Ուսումնասիրությունները կատարված են, նախագիծը կա, այսօր տեխնիկան տեղափոխված է, այսօր-վաղը կսկսվի շինարարությունը: 17․8 կմ ճանապարհի մասին է խոսքը: Մենք մի փոքր ընդլայնելու համար նաեւ տնտեսում ունենք մրցույթներից: Միգուցե ընդլայնենք շինարարական աշխատանքները»: Նա նշեց, որ երեք առանձին ընկերություններ են աշխատելու:

Փաշինյանը զգուշացրեց, որ բոլորը պետք է պատասխանատու լինեն որակի համար. «Որ մեկ, երկու, երեք ձմեռից հետո նորից չունենանք քարուքանդ ճանապարհ»: