Ջրային պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը, ով ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի սանիկն է, «ոչ մի ձեւ» չի պատկերացնում իր աշխատանքը նոր կառավարության հետ, ավելին՝ դիմում է գրել եւ սպասում է մակագրման։ Այս մասին նա հայտարարեց այսօր՝ հունիսի 1-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ կառավարության ճեպազրույցում։

Նա նշեց, թե իրեն այլ տեղում է պատկերացնում, ապա հավելեց, որ իրեն մասնավոր սեկտորում է տեսնում:

Հարցին, թե իր հեռանալուց հետո իր ղեկավարած կառույցում կոռուպցիոն ռիսկեր հնարավո՞ր է հայտնաբերվեն, Արսեն Հարությունյանը հավաստիացրեց, որ իր ղեկավարած կառույցում կոռուպցիոն ռիսկեր չկան։ «Եթե կոռուպցիոն որեւէ ռիսկ լիներ, ես նման հայտարարությունով հանդես չէի գա»,–նշեց նա։

Արսեն Հարությունյանը, անդրադառնալով «Ժամանակ» օրաթերթի այն հրապարակմանը, որ Ջրային պետական կոմիտեում կոռուպցիոն ռիսկեր կան, Հարությունյանը պահանջեց ներողություն խնդրել օրաթերթից եւ հերքումով հանդես գալ. «Հակառակ դեպքում ստիպված ենք լինելու հանդիպել դատարանում եւ դեժավյու է լինելու»,–սպառնաց նա։