Իշխանությունը պետք է բալանսավորվի խորհրդարանի, կառավարության եւ նախագահի միջեւ: Այս մասին «Ամերիկայի ձայնի» հետ հարցազրույցում նշել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:

«Ես ՀՀ նախագահ եմ ընտրվել նույն խորհրդարանի կողմից, որն հիմա ու երեկ նույնն է: Իմ ընտրությունից հետո մեկ այլ ընտրության արդյունքում Սերժ Սարգսյանն ընտրվեց վարչապետ, բայց նրա վարչապետությունը կարճ տեւեց: Հեղափոխության ղեկավարն ընտրվեց վարչապետ: Ես այդ հեղափոխությունը կանվանեի հեղափոխություն Հայաստանյան ոճով, քանի որ այն իրականացվել ՀՀ-ին բնորոշ ձեւով»,- նշել է նախագահը:

Նա բարձր է գնահատել նախկին վարչապետ Սերժ Սարգսյանի հրաժարական ներկայացնելու քայլը. «Պիտի գովեստի խոսքեր ասել նաեւ նախկին վարչապետի հասցեին, որը հրաժարական ներկայացրեց ապրիլի 23-ին, երբ հաջոդ օրը բոլոր հայերը նշում են ցեղասպանության զոհերի հիշատակը: Ինձ համար շատ տխուր կլիներ, որ այդ օրը տեղի ունենային բախումներ»:

Արմեն Սարգսյանը չի ցանկացել կարծիք հայտնել նոր կառավարության գործունեության մասին. «Դեռ վաղ է դրա համար: Վաղ է ոչ թե նրանց գործունեության առումով, այլ որովհետեւ վարչապետը շատ երիտասարդ է որպես վարչապետ: Դրան գումարած, կառավարության անդամները եւս նոր են: Նրանց նպատակը ճշմարիտ է եւ համապատասխանում է իրենց տված խոստումներին: Մեկ ամիսը շատ քիչ է գնահատական տալու համար: Վարչապետին եւ նախարարներին ժամանակ է պետք, բայց այն ինչ ես տեսնում եմ գործողությունների առումով՝ համապատասխանում է տրված խոստումներին: Ես հուսով եմ՝ նրանք կհաջողեն», - ասաց Արմեն Սարգսյանը: