ՀՀ ոստիկանությունը հանրահավաքներ և ցույցեր ցրելու համար նոր սարքավորումներ ձեռք բերելու ծրագիր չունի: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ՀՀ ոստիկանության պետ Վալերի Օսիպյանն ընդգծեց, որ հավաքներ ցրելու համար նոր սարքավորումներ ձեռք չեն բերելու, այլ հակառակը՝ կարող են վերանայել եղածը:

«Այժմ մենք չունենք նոր սարքավորումներ ձեռք բերելու պլաններ, ընդհակառակը՝ մենք կարող ենք վերանայել եղածը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Վ. Օսիպյանը՝ չմանրամասնելով, թե ինչ նկատի ունի՝ եղածը վերանայել ասելով:

Ոստիկանապետը հավելեց, որ խաղաղ բնույթի հավաքներ երբեք չեն ցրվում, սակայն երբ դրանց զուգորդվում են գործողություններ, որոնք քրեորեն պատժելի են, ոստիկանության միջամտություն, բնականաբար, լինելու է: