Ցանկացած քաղաքական ուժ պետք է պատրաստ լինի ե՛ւ իշխանություն, ե՛ւ ընդդիմություն լինելու: Այս մասին այսօր՝ հունիսի 5-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ անդրադառնալով նրան, որ արդեն թվով 4-րդ մատգամավորն է լքում ՀՀԿ խմբակցությունը:

Նա նկատեց, որ ամբողջ աշխարհում չկա այնպիսի երեւույթ, երբ ընդդիմությունը խորհրդարանում ունենա իշխանություն. «Սա խոսում է ՀՀԿ միասնականության մասին, որը մենք նորմալ ենք համարում: Մենք ենք հորդորել, որ նրանք, որոնք ձեր ձեւակերպմամբ բիզնեսի մարդիկ են, եթե կլինեն խանգարող հանգամանքներ, իրենք ազատ են, մենք որեւէ մեկից կառչած չենք, կարող են գնալ: Մերը գաղափարական թեւի հենքն է, որով արդեն որպես ընդդիմություն ենք հանդես գալիս»,- ասաց Բաղդասարյանը:

Անդրադառնալով ՀՀԿ խմբակցությունից Ֆելիքս Ցոլակյանի հեռանալուն, Բաղդասարյանն ասաց, որ Ցոլակյանն ինքն էր խնդրել մնալ խմբակցությունում. «Մենք հորդորեցինք, որ եթե լինեն կրկնություններ, մեր դիրքորոշումներին համահունչ չի գործի, մենք հարցը նորից կվերանայենք: Նա իմ հետ հեռախոսազրույց է ունեցել եւ ասել, որ, հավանաբար, ավելի լավ կլինի, որ դիմում գրի: Նա արդեն հունիսի 1-ից սիրողական մակարդակում էր խմբակցության անդամ»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է Շիրակ Թորոսյանին, Բաղդասարյանը նկատեց, որ նա չի հեռացել, այլ իրենք են հեռացրել. «Մենք սա որեւէ ձեւ հիվանդագին ու ցավագին չենք տանում: Որպեսզի իշխանությունն ինքն իրեն վստահ պետք է զգա, կազուս է, պատկերացնում եք՝ ընդդիմություն դարձած քաղաքական ուժը մեծամասնություն է կազմում ԱԺ-ում»,- ընդգծեց ՀՀԿ խմբակցության ղեկավարը եւս մեկ անգամ կրկնելով, որ իրենք խոչընդոտ չեն հանդիսանալու կառավարության ծրագրերին, անգամ օժանդակելու են լավատեսական ծրագրերին:

Հարցին, թե քանի՞ հոգի կմնա ՀՀԿ խմբակցությունում, նա պատասխանեց. «Եթե մենք շատ չստիպենք, չստիպենք, որ գնան, 54 հոգի կմնան»:

Նշենք, որ ՀՀԿ խմբակցությունը լքելու մասին հայտարարել են 4 պատգամավորներ՝ Շիրակ Թորոսյանը, Արթուր Գեւորգյանը, Ֆելիքս Ցոլակյանը եւ Արման Սահակյանը: