Մի քանի հարցեր կան, որոնք խոչընդոտում են բիզնեսի ծավալմանը Հայաստանում. դա նախ եւ առաջ զանազան կոռուպցիոն սխեմաներն էին եւ իշխանությունների անձնական բիզնես հետաքրքրությունները: Այս մասին, այսօր՝ հունվարի 7-ին, Հայ-բրիտանական բիզնես ֆորումի ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը:

«Օրինակ եթե ես՝ առաջին փոխվարչապետս, ունենամ որեւէ ոլորտում անձնական բիզնես հետաքրքրություն, որեւէ այլ անձ մեծ ժվարություններ կունենա ինձ հետ մրցակցելու, որովհետեւ զանազան սխեմաներ կարող եմ գործի դնել»,-ասաց նա:

Արարատ Միրզոյանը նշեց, որ այս հարցը, ինչպես նաեւ դատարանների հարցը մեկ օրում լուծվել է. «Մենք՝ ՀՀ իշխանություններս, չունենք բիզնես հետաքրքրություններ սեփական եւ գործադիր իշխանությունը որեւէ կերպ չի փորձում ազդել դատարանների վճիռների վրա: Սրանք են այն խնդիրները, որոնք էական են բիզնեսի համար եւ որոնք բացում են բոլոր դռները միջազգային եւ խոշոր բիզնեսի առջեւ: Ես վստահ եմ, որ առաջիկա ամիսներին, տարիներին մենք կտեսնենք էական փոփոխություններ այս հարցում եւ հետաքրքրությունը գնալու աճում եւ աճում են:

Հասկանալի է, որ դա մեկ օրում չի արվում, մեծ ընկերությունները պլանավորման հսկայական փուլեր են անցնում, շուկայի ուսումնասիրության փուլեր են անցնում»,-ընդգծեց Արարատ Միրզոյանը: