Հայաստանի ԱԺ-ում մեկնարկել է հատուկ նիստը, որի օրակարգում մեկ հարց է՝ «Կառավարության ծրագրին հավանություն տալու մասին»:

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի որոշմամբ, ԱԺ հատուկ նիստը գումարվել է ՀՀ Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայն:

Նշենք, որ ըստ Սահմանադրության 151-րդ հոդվածի, կառավարության կազմավորումից հետո՝ քսանօրյա ժամկետում, վարչապետն Ազգային ժողով է ներկայացնում Կառավարության ծրագիրը:

Ազգային ժողովը Կառավարության ծրագրին հավանություն է տալիս յոթնօրյա ժամկետում` պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

Եթե Ազգային ժողովը հավանություն չի տալիս Կառավարության ծրագրին, ապա կառավարությունը հրաժարական է տալիս եւ Սահմանադրության 149-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերին համապատասխան նորից ԱԺ-ն պետք է ընտրի նոր վարչապետ:

Եթե խորհրդարանին չհաջողվի 2 փորձից ընտրել վարչապետ, ապա Ազգային ժողովն արձակվում է իրավունքի ուժով:

Եթե Ազգային ժողովն ընտրում է վարչապետին, սակայն կրկին հավանություն չի տալիս Կառավարության ծրագրին, ապա Ազգային ժողովն արձակվում է իրավունքի ուժով:

Նշենք, որ ԱԺ-ում ընդգրկված 4 ուժերից 3-ը՝ «Ելք», «Ծառուկյան» եւ ՀՅԴ խմբակցությունները մաս են կազմում կառավարության եւ ըստ ամենայնի կողմ են քվեարկելու կառավարության ծրագրին: Ինչ վերաբերում է ՀՀԿ-ին, թեեւ ՀՀԿ-ական պատգամավորները խիստ քննադատության են ենթարկել կառավարության ծրագիրը՝ նշելով, որ այնտեղ որեւէ թվային ցուցանիշ չկա եւ այն «բաժակաճառերի ժողովածու» է, սակայն միաժամանակ հայտարարել են, որ չեն խոչընդոտի ծրագրի ընդունմանը: Շատ վերլուծաբաններ նշում են, որ ՀՀԿ-ն այդպես է վարվում, որպեսզի խորհրդարանը ցրելու անհրաժեշտություն չառաջանա: