Եթե գործարարը չպետք է զբաղվի քաղաքականությամբ, ապա քաղաքական գործիչն էլ բիզնեսով չպետք է զբաղվի: Այս մասին, այսօր՝ հունիսի 7-ին, ԱԺ հատուկ նիստում ներկայացնելով կառավարության ծրագիրը, նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով, իշխանությունը չպետք է լինի փող աշխատելու գործիք որեւէ մեկի համար. «Հանրությանը պետք է լծակներ ունենա վերահսկելու, որ իր պաշտոնյան բիզնեսով չզբաղվի: Դրա համար պետք է նվազագույնի հասցնել փողի ազդեցությունը քաղաքականության վրա: Երբ փողը դառնում է վճռական քաղաքական գործոն, քաղաքական ուժի կարեւոր խնդիրը դառնում է փողի հարցը լուծելը»,- ասաց Փաշինյանը:

Նա ընդգծեց, որ պետք է արմատախիլ անենք ընտրակաշառքը բաժանելու եւ վերցնելու պրակտիկան. « Դա պետք է ամոթ լինի եւ արժանանա իրավապահներին անխնա արձագանքին»:

Նշենք, որ այսօր կառավարության մաս է կազմում «Ծառուկյան» դաշինքը, որի առաջնորդը հայտնի գործարար Գագիկ Ծառուկյանն է: