«Սասնա ծռերի» անդամ Հովհաննես Վարդանյանին դատարանի դահլիճից ազատ արձակեցին։

NEWS.am–ի թղթակիցը հայտնում է, որ նրա խափանման միջոցը փոխվել է ստորագրություն չհեռանալու մասին։ Դատական նիստը հետաձգվեց մինչեւ հաջորդ հինգշաբթի։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Նոր Նորքի ու Ավանի նստավայրում այսօր՝ հունիսի 7-ին «Սասնա ծռերի» անդամ Հովհաննես Վարդանյանի խափանման միջոցը փոխելու միջնորդություն էր ներկայացվել։ Պաշտպանը որպես միջնորդության հիմքեր էր նշել Հովհաննես Վարդանյանի առողջական վիճակը եւ պատշաճ վարքագիծ դրսեւորելու հանգամանքը։ Մեղադրողը միջնորդությանը չի առարկել եւ նշել է, որ կարող է կիրառվել ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը։

Հիշեցնենք, որ «Սասնա ծռեր» խմբի անդամներ Արմեն Լամբարյանի, Աշոտ Պետրոսյանի, Արթուր Մելքոնյանի, Տիգրան Սարգսյանի, Արթուր Սողոմոնյանի, Գառնիկ Հովակիմյանի, Հովհաննես Վարդանյանի, Մանվել Աթոյանի, Վարդգես Գեւորգյանի, Կարո Եղնուկյանի եւ Խաչատուր Գիչյանի մասով գործը քննում է դատավոր Արտուշ Գաբրիելյանը: