Lragir.am-ը գրում է.

Կառավարության ծրագիրն ընդունված է, եւ չնայած քննարկումը բուռն էր, էությունը որոշակիորեն ստվերում մնաց: Նիկոլ Փաշինյանը կարճ ու պարզ բացատրեց, որ ծրագիրն ուղղված է ոչ թե ինչ-որ ցուցանիշներ ապահովելուն, այլ կոռուպցիայից ու անօրինական պայմանավորվածություններից տնտեսությունը մաքրելուն:

Կառավարությունն արդեն մեկ ամիս զբաղված է ստվերային պայմանավորվածությունների չեղարկման եւ օլիգարխների «սեւ» փողերից հրաժարվելու մասին հայտարարելով: Նիկոլ Փաշինյանն ասում՝ վճարեք բյուջե: Նա իր կառավարության առաքելությունն է համարում բիզնեսի ու իշխանության միջեւ «մեծ գործարքի» չեղարկումը:
Այդ ծրագրի քննարկումը տարօրինակ ոչ մի բան չէր կանխագուշակում: Պարզ է, որ մեկ ամսվա ընթացքում կառավարությունը հեծանիվ չի հորինել, առավել եւս, որ մեկ տարվա ընթացքում արտահերթ ընտրություններ են սպասվում: ՀՀԿ-ն ալարկոտ կերպով քննադատում էր ծրագիրը, բայց նաեւ հայտարարում ու չի խանգարի դրա ընդունմանը: Այս դիրքորոշումը բխում է Նիկոլ Փաշինյանի ու ՀՀԿ միջեւ «համաձայնությունից». ՀՀԿ-ն խաղաղ զիջում է դիրքերը, բայց միայն Նիկոլ Փաշինյանին՝ ուրիշներին չթողնելով «մտնել» իշխանություն:
Այդ պատճառով Ծառուկյան դաշինքի պատգամավորների ագրեսիվ հայտարարությունները ՀՀԿ հասցեին քաղաքական սադրանքի էին նման: Փաստացի, հենց այդ հայտարարություններից հետո ՀՀԿ պատգամավորները «պայթեցին» եւ սկսեցին նոր կառավարության հասցեին տհաճ հայտարարություններ անել, իսկ հետո Նիկոլ Փաշինյանը ՀՀԿ-ին բացահայտ մեղադրեց հանցագործ քաղաքականության մեջ:
Թե Արմեն Աշոտյանը, թե Նիկոլ Փաշինյանը տրվեցին սադրանքին: Ծառուկյան դաշինքն ուրախ էր, որովհետեւ անգամ ամենասարսափելի երազում դաշինքի պատգամավորները չեն կարող պատկերացնել Փաշինյանի եւ ՀՀԿ սկզբունքային համավրող թեւի միջեւ համագործակցությունը: Ծառուկյան դաշինքն ամեն ինչ կանի, որ Նիկոլ Փաշինյանի «դաշնակիցը» միայն իրենք լինեն:
Երեկ կառավարության ծրագրի ընդունմամբ, որի կետերից մեկն արտահերթ ընտրություններն են, տրվեց նախընտրական արշավի մեկնարկը: Այս ընտրարշավում կենաց մահու պայքար է լինելու: Գալիք տարվա ընթացքում այսպիսի սադրանքները շատ են լինելու:

Նյութի աղբյուրը՝ Lragir.am