Հայաստանի արտաքին քաղաքականությունն այլևս կառուցվելու է Հայաստանի ազգային շահերի վրա, հայտարարել է արտաքին գործերի նորանշանակ փոխնախարար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Ռուբեն Ռուբինյանը: Հայաստանի նոր իշխանությունն արդեն տևական ժամանակ արտաքին քաղաքականության մասով ազդարարում է այդ ելակետը թե՛ վարչապետի, թե՛ արտաքին գործերի նախարարի, թե՛ անվտանգության խորհրդի քարտուղարի, թե՛ այլ պաշտոնյաների մակարդակով: Դա, անշուշտ, ողջունելի շեշտադրում է, նվազագույն անհրաժեշտ:


Տվյալ պարագայում ամենևին չկա ներկայիս իշխանությունը հեռացածի կամ հեռացողի հետ համեմատելու ցանկություն կամ փորձ՝ դա կլինի խիստ անհամարժեք, այդուհանդերձ հարկ է նկատել, որ նախորդ իշխանությունն էլ իր արտաքին քաղաքականությունը մշտապես բնորոշել է ազգային շահից բխող՝ ասելով, որ բոլոր արտաքին քաղաքական որոշումները կատարվել են Հայաստանի շահի ու անվտանգության հրամայականի թելադրանքով: Որևէ դեպքում չի ասվել, թե Հայաստանի շահը սա էր պահանջում, բայց մենք այլ շարժառիթով արել ենք այլ բան: Հետևաբար առկա է հարց. տարբերությունն այն է, որ Հայաստանի նոր իշխանությունը չլինելով կոռումպացված, կլինի ավելի անկեղծ ու ազնիվ և չի՞ խաբի՝ Հայաստանի շահ անվան տակ ներկայացնելով իշխանական համակարգային տնտեսա-քաղաքական շահերը, թե՞ տարբերությունն ավելի սկզբունքային է և առնչվում է հենց ազգային շահի ընկալմանը:

Այսինքն՝ նախորդ իշխանությունն ու ներկայիս իշխանությունը նույն կերպ են պատկերացրել և պատկերացնում ազգային շահը, բայց նախորդը պարզապես դրա անվան տակ իրականում ի՞ր շահերն էր սպասարկում, թե՞ տարբեր են շահի մասին պատկերացումները, և նախորդը հենց իր շահն էր ազգայինի հետ նույնականացնում, իսկ ներկայիս իշխանությունը դա չի անի և օրինակ՝ իշխանական զուտ շահը չի նույնականացնի ազգային շահի հետ: Ըստ այդմ՝ հիմնարարը ազգային շահի ձևակերպումն է՝ թե՛ խոշոր առումով, ինքնին որպես պետականության ռազմավարական հայեցակարգ, թե՛ առանձին, հատվածային առումով, տարբեր հարցերում, տնտեսությունից մինչև քաղաքական ամենատարբեր հարցեր՝ հայ-ռուսական հարաբերություն, հարևանների հետ հարաբերություն և բնականաբար՝ Արցախի խնդիր: Եթե այս ամենում ազգային, պետական շահ հասկացությունը չունենա հստակ, թեկուզ քիչ թե շատ չափելի սկզբունքային սահմանումներ, որովհետև մաթեմատիկական ճշգրտությամբ, իհարկե, հնարավոր չէ և ցանկալի էլ չէ, ապա ազգային շահ հասկացությունը միշտ էլ շատ առաձգական է, և հնարավոր է այն անընդհատ ձգել կամ ձևափոխել, մանիպուլացնել և այլն:

Ներկայումս նոր կառավարության ազնվությունն ու անկեղծությունն այդ հարցում չի հարուցում կասկած, կառավարությունն ահռելի լեգիտիմություն ունի, և դա արդեն իսկ ազգային շահի կարևոր տարր է, առանցքային բաղադրիչ, սակայն անթույլատրելի է պետական և ազգային շահ ասվածը թողնել լոկ կառավարող վերնախավերի անկեղծության և ազնվության հույսին, որի մասին երբեք հնարավոր չէ անել միարժեք եզրահանգումներ, և որը ամենևին չի կարող լինել չափելի ու հավասարապես ընկալելի հանրային բոլոր շերտերի համար:

Ըստ այդմ՝ ազգային շահ եզրույթը պահանջում է ձևակերպում, և դա պետք է լինի սկզբունքային տարբերություններից մեկը նոր և նախորդ իշխանության համեմատության մեջ: Եվ ամենակարևորը՝ դա առանցքային է նաև հաջորդ բոլոր իշխանությունների համար, որովհետև նրանք կա՛մ պետք է ընդունեն ու առաջնորդվեն չափելիորեն ձևակերպված և սկզբունքորեն շրջանակված ազգային շահերով՝ իրենց գործողություններում պատասխանատու և հաշվետու լինելով դրանց համար, կա՛մ եթե ոչ՝ պետք է հրապարակավ հրաժարվեն դրանցից և ըստ այդմ՝ պատասխանատու լինեն, ուրեմն, այդ հրաժարումի և նոր ձևակերպումներ ներկայացնելու համար: Իսկ Հայաստանը պետք է ունենա նոր իշխանություն, Հայաստանում որևէ իշխանություն չպետք է լինի հավերժ կամ անվերջ, որովհետև ազգային շահի մյուս կարևոր բաղադրիչն էլ հենց իշխանության օրենսդրական, սահմանադրական, ընտրական մեխանիզմով հանրայնորեն լեգիտիմ քվեարկությամբ փոխվելու երաշխիքն է:

Իհարկե, այդ ամենով հանդերձ անկասկած է, որ մի շարք օբյեկտիվ իրողություններից ելնելով՝ Հայաստանը ներկայումս չունի պետական այն ներուժն ու կենսունակությունը, միաժամանակ միջավայրային այն, այսպես ասած, պատեհությունն ու անկաշկանդությունը, անբռնազբոսությունը, որ իրեն թույլ տա չափազանց բաց լինել ազգային և պետական շահի ձևակերպումներում, սահմանումներում, թիրախավորումներում: Ըստ այդմ՝ դա ենթադրում է նաև զգալի գաղտնիություն կամ դիվանագիտական նրբություններ ձևակերպումներում:

Մյուս կողմից՝ խնդիրն, անշուշտ, կոնկրետության այն մակարդակը կամ աստիճանը չէ, որ պետք է առկա լինի ազգային անվտանգության կամ պաշտպանական, այլ ոլորտի անվտանգությունների ռազմավարություններում կամ հայեցակարգերում, որոնք անշուշտ, պետք է պարունակեն գաղտնի մաս: Խնդիրը սկզբունքների չափելիությունն է, որովհետև ի վերջո պատասխանատվության մասով բուն հարցը ազգային կամ պետական շահի սպասարկումը «քրեական օրենսգրքի» կարգավորման դաշտ բերելը չէ, երբ որևէ շեղում չի ենթադրի ներում-բեկում:

Խնդիրը հանրային-քաղաքական պատասխանատվության տիրույթ ապահովելն է, երբ հարցը մշտապես ենթակա կլինի սկզբունքների շուրջ քաղաքական և հանրային քննարկումների, այսինքն՝ կլինի քաղաքական կյանքի կարևոր օրակարգային հարցերից, քաղաքական ավանդույթների սյուներից՝ ինչպես որևէ կայացած քաղաքական համակարգով պետականության պարագայում, մշտապես հանրային, այսպես ասած, աչալուրջ հայացքի և ճնշման տակ պահելով թե՛ իշխանությանը, թե՛ ընդդիմադիր հավակնություն ունեցող միավորներին: Որպեսզի ոչ միայն իշխանությունը չափելի լինի, այլ ընդդիմություն եզրն էլ Հայաստանում դադարի չափվել սոցիալ-պոպուլիզմի աստիճանով ու գեղարվեստականությամբ: