Facebook-ի իր էջում քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը, ով մի շարք փորձագետների, բլոգերների ու լրագրողների հետ ՀՀ ԶՈՒ սպաների ուղեկցությամբ այսօր այցելել է Հայաստան-Նախիջեւան սահմանային դիրքեր, գրել է.

«Այսօր մի քանի ռազմական-քաղաքական փորձագետներ, բլոգերներ, լրագրողներ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի ու ՀՀ ԶՈՒ սպաների ուղեկցությամբ այցելեցին Հայաստան-Նախիջեւան սահմանային դիրքեր՝ տեղում ստուգելու ադրբեջանական քարոզչամիջոցներով շրջանառության մեջ դրված ապատեղեկատվությունը, որոնք են՝ «Հունուտ/Գունուտ լքված գյուղը վերադարձնելը», «Հունուտ սարը գրավելը», «գերակա ռազմավարական դիրքեր գրավելը», «11000 հեկտար օկուպացիայից ազատագրելը», «50 կմ թիկունքային ճանապարհ կառուցելը», «Երեւան-Գորիս-Ստեփանակերտ ճանապարհը վերահսկղության տակ վերցնելը»:

Կարճ ասեմ՝ Հունուտ սարի գլխին մեր դիրքերն ու դիրքապահներն են, ինչպես եղել են նախկինում, Հունուտ/Գունուտ լքված գյուղը մեր դիրքի տակ է, ինչպես անբնակ նախկինում, այնպես էլ այժմ, ինչպես եւ այն ավազի պարկերը, որոնք կցանկանային վերածել կրակակետերի, բայց… ախր շատ ապուշն են… ուղիղ մեր դիրքապահների բռունցքի տակ… Գյուղը վերաբնակեցնելու հավանականությունը սարսափելի բարդ կլինի ու անիմաստ, իսկ նրա գլխավերեւում դրված կրակակետերի գոյությունը մեր բարի կամքից է կախված.. հուսով ու վստահ եմ, այն բարի չի լինի:

Արենի գյուղը կամ Երեւան-Գորիս-Ստեփանակերտ ավտոմայրուղին կրակակետի տակ վերցնելը հեքիաթ է. ինչ դիրքեր ադրբեջանցիները նախկինում ունեցել են, այն էլ ունեն: Իրականում, ինչպես նշեցի, փորձեր կան մեր գերիշխող դիրքի տակակողքերի ցածրադիր բլուրներում հիմնավորվելու, բայց, լիքը պրոբլեմ կա, որոնք չեն կարողանա լուծել: 50 կմ ճանապարհ կառուցելու մասին խոսք չի կարող լինել, դա հեքիաթ է ու հավանաբար փող պետք է դուրս գրեն Նախիջեւանի բանակում, 11.000 հեկտարը Երեւանի կեսն է, կներեք, զառանցանք է:

Իսկ այցի վերջում հակառակը, այցելեցինք հայկական առաջ տարված դիրքերը այլ ուղղությամբ՝ հսկայական ու շարունակվող ինժեներատեխնիկական աշխատանքներով:

Իսկ թե ինչ են ուզում անել նրանք այդ՝ ափի մեջ գտնվող անիմաստ, հիմնավորումներից զուրկ «առաջխաղացումներով» ու սանձազերծած քարոզչությամբ, դա բավական ուշագրավ է։

Ինչ-որ բան, այնուամենայնիվ կատարվում է այնտեղ, ու այս ամենի մասին շատ շուտով երեք՝ անգլերեն, հայերեն ու ռուսերեն լեզուներով կընթերցեք իմ հաշվետվությունը՝ «Նախիջեւանն ափի մեջ ու նապաստակը դաշտում. ինչի՞ մասին է լռում Ալիեւի իշխանությունը» զեկույց-հետազոտության մեջ:

Հոգիս հանգստացավ, երբ կանգնեցի Հունուտ լեռան գլխին ու ամեն ինչ իմ աչքերով տեսա. Շնորհակալություն ՊՆ-ին ու կազմակերպիչներին»։