Հայտնի է դարձել, որ Երևանի ավագանին որոշել է Երևան հիմնադրամի լուծարման առաջարկով հանդես գալ: Այս հիմնադրամի անունը կապվում է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ: Այն համայնքային հիմնադրամ չէ, բայց հոգաբարձուների խորհրդի նախագահը Տարոն Մարգարյանն է:

Տարիներ շարունակ Երևան հիմնադրամից միլիոնավոր դրամներ են հատկացվել պետական ու Երևանի բյուջեներից: Օրինակ՝ նախորդ տարի պետական բյուջեից ավելի քան 570 մլն դրամ է հատկացվել հիմանդրամին: Իսկ Երևանի բյուջեով նախատեսված մի շարք ծրագրեր՝ սոցիալական, բարեկարգման, մշակութային ոլորտի, ձևակերպվել են այս հիմնադրամի անվան տակ:

Այսինքն՝ Երևանի բյուջեից նշված ոլորտների մի շարք ծրագրերի համար նախատեսված միլիոնավոր դրամները փոխանցվել են հիմնադրամին այն պատրվակով, թե իբր հիմնադրամը պետք է իրականացնի դրանք: Իսկ թե որքանով են պատշաճ իրականացվել այդ ծրագրերը, դա հարցի մյուս կողմն է:

Այս խնդիրների մասին մասնագետներն ու լրատվամիջոցները տարիներ շարունակ բարձրաձայնել են, բայց որևէ ընթացք չի տրվել հարցին, թե արդյոք նպատակային են ծախսվում հիմնադրամի գումարները: Երևանի ավագանու ընդդիմադիր անդամ Անահիտ Բախշյանը Երևան հիմնադրամը «անկուշտ ու անհատակ» տակառի հետ էր համեմատել:

Երևան հիմնադրամի գործունեության հնարավոր կոռուպցիոն ռիսկերի մասին ամիսներ առաջ բարձրաձայնել էր նաև ավագանու Ելք խմբակցության նախկին անդամ, ներկայում Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը: Նա փորձել էր տեղեկատվություն ստանալ այն մասին, թե ճի՞շտ են լուրերը, որ Երևանում սեփականաշնորհվող տարածքների համար մարդկանցից նաև Երևան հիմնադրամի համար են գումար գանձում:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ըստ տեղեկությունների, «նալոգ» էր սահմանել մայրաքաղաքում տարածքներ սեփականաշնորհողների համար: Այդ տեղեկությունը Արայիկ Հարությունյանին այդպես էլ չէին տրամադրել: Նա և Ելք խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը դատի էին տվել հիմադրամին՝ իրենց տեղեկություն չտրամադրելու համար: Եվ ահա, հայտնի է դառնում, որ դատավարության փուլում Երևան հիմնադրամը լուծարվում է:

Ինչպես Արայիկ Հարությունյանն է ասում՝ Տարոն Մարգարյանը որոշել է «ափալ-թափալ» լուծարել հիմնադրամը: Հավանաբար այս քայլով Տարոն Մարգարյանը փորձում է թաքցնել կոռուպցիոն գործունեության հետքերը:

Ընդհանրապես, հիմնադրամների միջոցով Տարոն Մարգարյանը, ինչպես ցույց են տալիս նախորդ զարգացումները, լուծել է իր ֆինանսական և իշխանությունը պահելու խնդիրները: Օրինակ՝ Խութ հիմնադրամը, որի հոգաբարձուների խորհրդի նախագահը նույնպես Տարոն Մարգարյանն է, ևս միլիոնավոր դրամներ է ստացել Երևանի բյուջեից: Եվ պատահական չէ, որ Տարոն Մարգարյանի պաշտպանության համար վերջերս քաղաքապետարանի շենքի մոտ բողոքի ակցիա անողների թվում աչքի էին ընկնում հենց Խութ հիմնադրամի անդամները:

Նոր կառավարությունը հայտարարել է ատկատի ու ստվերային «հարկերի» վերացման մասին, երեւույթներ, որոնք բնորոշում են Տարոն Մարգարյանին ու նրա գործունեությունը: Այս պարագայում անիմաստ են դառնում ինչպես այդ հիմնադրամները, այնպես էլ Տարոն Մարգարյանի պաշտոնավարումը որպես Երեւանի քաղաքապետ: Ըստ ամենայնի, հեռանալուց առաջ Տարոն Մարգարյանն իսկապես փորձում է մաքրել հետքերը, որպեսզի թղթերով ամեն ինչ կարգին լինի: Թեեւ փորձը ցույց է տալիս, որ ինչպես մյուս, այնպես էլ այս դեպքում դա չի օգնում:

Տարոն Մարգարյանի հրաժարականի վերաբերյալ հարցերին Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ եթե ինքը հորդորի՝ նա կհեռանա: Սակայն հորդորն ուշանում էր, եւ երեւում է Տարոնին ժամանակ էին տվել, որ հասկանա, որ արդեն անիմաստ է մնալ պաշտոնին:

Երեւան հիմնադրամի փակումը յուրատեսակ ինքնախոստովանություն է կոռուպցիայի մասին:

 Նյութի աղբյուրը՝ Lragir.am