Մամուլում տեղեկություն է հրապարակվել Մանվել Գրիգորյանի հարազատներից մեկի հարսանիքին Տարոն Մարգարյանի մասնակցության մասին, որին բոլորը հարցրել են Երեւանի քաղաքապետարանում ԱԱԾ հատուկ գործողության մասին:

Այդ գործողությունն ԱԱԾ-ն իրականացրել է Երեւան հիմնադրամի նկատմամբ, որ գտնվում է քաղաքապետարանի շենքում: ԱԱԾ-ն հաղորդագրություն էր տարածել հիմնադրամի գործունեության մեջ քրեական պատասխանատվության ենթակա իրողությունների մասին տեղեկատվություն ունենալու եւ ըստ այդմ գործելու մասին:

Երեւան հիմնադրամի գործունեության կոռուպցիոն ռիսկերի մասին Երեւանի Ավագանու ընդդիմադիր խմբակցությունները ահազանգել են տարիներ շարունակ, բայց ՀՀԿ բացարձակ իշխանությունը թույլ է տվել անգամ չքննել դրանք, կանխարգելել իրավապահների որեւէ մուտք հիմնադրամ:

Ներկայում նոր իրավիճակ է, ՀՀԿ-ն չունի իշխանություն եւ ԱԱԾ-ն մտել է քաղաքապետարան: Ի՞նչ կհայտնաբերվի այնտեղ, պարզ չէ: Մյուս կողմից, լիովին հավանական է, որ կարող է պարզվել հերթական բարձր քաղաքական մակարդակի կոռուպցիոն պայմանավորվածության մասին, որ կար օրինակ խոշոր առեւտրային ցանցերի դեպքում: Բոլորը կհայտարարեն, թե ոչ մի անօրինականություն կամ բացահայտում չկա, այլ Երեւան հիմնադրամը աշխատել է քաղաքական բարձր պայմանավորվածությունների եւ հովանու ներքո:

Այդ իմաստով, ի դեպ, խիստ ուշագրավ է, որ ԱԱԾ հատուկ գործողության նախօրեին՝ հունիսի 12-ին, ՀՀԿ ամբողջ վերնախավը Սերժ Սարգսյանի գլխավորությամբ այցելել էր քաղաքապետ Տարոն Մարգարյանի հոր՝ Անդրանիկ Մարգարյանի շիրիմին, նրա ծննդյան օրվա առիթով: Սերժ Սարգսյանի համար դա առաջին հրապարակային հայտնությունն էր ապրիլի 23-ի հրաժարականից հետո:

Գիտե՞ր Սերժ Սարգսյանը, որ հաջորդ օրն իսկ ԱԱԾ-ն մտնելու է քաղաքապետարան: Եվ արդյոք դրա համար չէ, որ հայտնվել էր հրապարակային միջոցառման՝ ոչ միայն Անդրանիկ Մարգարյանի ծննդյան օրվա առիթով նրա շիրմին այցելելու, այլ նաեւ Անդրանիկ Մարգարյանի որդուն ինչ որ բան հավաստիացնելու:

Բանն այն է, որ նախկին իշխող կուսակցության ներքին գործընթացում Տարոն Մարգարյանը հայտնվել է առանցքային դերում: Նա փաստորեն ներկայում միակ ՀՀԿ-ականն է՝ այսպես ասած ղեկավար շրջանակից, որ պահպանել է իր բարձր պաշտոնը, իր իշխանական դիրքը:

Տարոն Մարգարյանը պահեց իր դիրքը առաջին գրոհից հետո, թեեւ Նիկոլ Փաշինյանն ավելի ուշ արեց հայտարարություններ, ցույց տալու համար, որ գրոհողը ինքը չէր: Փաշինյանը հայտարարեց, որ, երբ ինքը հորդորի, Տարոն Մարգարյանը այդ հորդորով կտա հրաժարական:

Այսպես, թե այնպես, Տարոն Մարգարյանը առայժմ «չպարտված» միակ բարձրաստիճան ՀՀԿ-ականն է: Դա էլ իր հերթին խորհրդանշական է դարձնում այն, որ Մարգարյանը ՀՀԿ հիմնադիրներից եւ առաջնորդներից մեկի որդին է, այսպես ասած «ժառանգականության» յուրօրինակ «իրավունքով»:

Իսկ ՀՀԿ պարագայում ներկայում դրված է այդ կուսակցության դե ֆակտո վերակազմավորման հարցը, ընդհուպ գուցե վերակազմակերպման, անգամ անվանափոխությամբ: Մարգարյանն այդ իմաստով ունի դիրքային զգալի առավելություն, քանի որ շատ թե քիչ, օբյեկտիվ թե սուբյեկտիվ ընկալումներով ձեւավորված, սակայն վարկանիշ ունեցող գործիչներից է:

Դա կարող է նրան հնարավորություն տալ իր հոր «տաճարից» դուրս քշել բոլոր «առեւտրականներին» ու «փարիսեցիներին» եւ հայտարարել, որ նրանք «ապականել» էին «տաճարն», ու այժմ ինքը մաքրում է այն:

Ինչպե՞ս կնայի դրան Սերժ Սարգսյանը: Որովհետեւ կան որոշակի նշաններ, որ ՀՀԿ «վերափոխումը» Սերժ Սարգսյանը տեսնում է Վիգեն Սարգսյանի, ոչ թե Տարոն Մարգարյանի միջոցով:

Տարոն Մարգարյանը Սերժ Սարգսյանի պլաններից դուրս է մնացել նույնիսկ դեռեւս իշխանության եղած շրջանում, ինչի դրսեւորումն էր այն, որ Սարգսյանը Երեւանի Ավագանի մուտքի իրավունք «տվեց» Երկիր Ծիրանի կուսակցությանը, որը Տարոն Մարգարյանի քաղաքապետական կյանքը վերածել էր «դժոխքի»:

Փաստորեն, ԵԾ-ին Երեւանի քաղաքապետարանում այժմ «փոխարինում» է ԱԱԾ-ն, ինչը կարող է հանգեցնել նրան, որ Տարոն Մարգարյանը կուսակցությունը «ժառանգելու» փոխարեն կամ առնվազն մինչ այդ «ժառանգի» Անդրանիկ Մարգարյանի կենսագրությունը՝ «քաղբանտարկյալության» մասով, այդպիսով դուրս մնալով ՀՀԿ ներքին պայքարից:

Ներքին հարցերը ՀՀԿ ներսում թեժացան հատկապես այն բանից հետո, երբ ԱԱԾ-ն սկսեց «քանդել» նախկին ներքին քաղաքական պայմանավորվածությունները եւ «չճանաչել» դրանք: Այդ հանգամանքն ըստ երեւույթին կուսակցության ներսում հարցեր է առաջացրել Սերժ Սարգսյանի հանդեպ, որը եղել է այդ պայմանավորվածությունների երաշխավորը: Հավանաբար այդ պատճառով էլ օրակարգից հանվել է կուսակցության նախագահի փոփոխության կամ նոր նախագահի հարցը, որը Սարգսյանը հորդորել էր քննարկել դեռեւս ապրիլի 25-ին:

Սարգսյանին ըստ երեւույթին բաց չեն թողնում, պահանջելով տեր լինել նախկին պայմանավորվածություններին եւ ապահովել դրանք: Այդ ֆոնին Անդրանիկ Մարգարյանի շիրիմին նրա այցելությունը կամ հրապարակ դուրս գալը ստացավ բազմիմաստ խորհրդանշականություն, հատկապես այն բանից հետո, երբ հաջորդ օրը ԱԱԾ-ն հատուկ գործողություն սկսեց քաղաքապետարանում:

Նյութի աղբյուրը` Lragir.am