Հայաստանի հետ Եվրամիությունն այսուհետ այլ տիպի հարաբերություններ պետք է կառուցի, որովհետև Հայաստանը տարբերվում է մյուս երկրներից: Հայաստանի քաղաքացիները ցույց տվեցին, որ տարբեր են, ուրիշ են, «Արևելյան Գործընկերության ապագան ալեկոծ ժամանակներում» թեմայով միջազգային գիատաժողովի ժամանակ ասաց ԱԺ Եվրաինտերգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը:

«Մեր հավակնությունները մեծ են ԵՄ-ից և պետք է հաշվի նստել մեր հավակնությունների հետ»,- ԵՄ գործընկերներին ասաց նա:

Դիմելով Հայաստանում Եվրամիության դեսպանին՝ Նաիրա Զոհրաբյանը մատնանշեց կոռուպցիայի դեմ պայքարը: «Առաջին մարտահրավերը Հայաստանում կոռուպցիան է: Այսօր մենք տեսնում ենք, որ որտեղ ձեռք են տալիս, կոռուպցիոն սկանդալներ են դուրս գալիս: Սա նշանակում է, հարգարժան դեսպան, որ երբ դուք Եվրամիության հսկայական գումարներն ուղղել եք իբր կոռուպցիայի դեմ պայքարելու համար, այդ գումարները տվել եք ամենամեծ կոռուպցիոներների ձեռքը և ասել եք՝ մենք ակնկալում ենք, որ դուք պետք է պայքարեք ձեր դեմ: Այսինքն՝ պետք է արձանագրենք, որ որոշ սխալներ եղել են նաև ձեր կողմից: Երբ մենք ահազանգում էինք, ասում էինք՝ մի տվեք այդ գումարները, որովհետև գնում են նախարարների ու նրանց բարեկամների անուններով գրանցված ֆեյք կազմակերպությունների բարեկեցությունը զարգացնելու համար, շատ դեպքերում մեր կոչերն անարձագանք էին մնում: Ինձ զարհուրեցնում է կոռուպցիոն այս բացահայտումների մակարդակը, որոնք ընդամենը դեռ ծաղիկներն են”,- ասաց նա:

Զոհրաբյանը նշեց, որ շատ կարևոր է, որ մինչև 2019 թվականին կայանալիք Եվախորհրդարանի ընտրությունները ԵՄ անդամ բոլոր երկրները վավերացնեն Հայաստան-ԵՄ համաձայնագիրը: