Հայաստանում ուշադրության է արժանացել Նիկոլ Փաշինյանի մոսկովյան այցի մի դրվագ: Պուտին-Փաշինյան հանդիպումից առաջ ՌԴ նախագահի խոսնակ Պեսկովն ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպում տեղի չի ունենա, որովհետև Հայաստանից ֆուտբոլի առաջնությանը ժամանել է ոչ թե ՀՀ նախագահն, այլ՝ վարչապետը:

ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը, մեկնաբանելով այս դրվագը, ասել է, որ Պեսկովը շատ կոռեկտ պատասխան է տվել ռուս լրագրողի ոչ կոռեկտ հարցին. «Ռուս լրագրողը հարցրել է Մոսկվա կատարած այցի շրջանակներում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հնարավոր հանդիպման մասին, ինչին պարոն Պեսկովը շատ կոռեկտ պատասխան է տվել, որ Մոսկվա է ժամանել ոչ թե Հայաստանի նախագահը, այլ վարչապետը»:


Նա ասել է, որ խնդիրն ավելի շատ այդ լրագրողի անտեղյակության մեջ է: «Հավանաբար, այդ լրագրողը տեղյակ չի եղել, որ Հայաստանում սահմանադրական փոփոխություններ են եղել և արդեն երկրի փաստացի ղեկավարը վարչապետն է: Ընդ որում՝ հետաքրքիր է, որ այդ լրագրողն անհայտ լրատվամիջոցից է եղել»:

Հնարավոր է՝ հասկացությունների ու մտքի ինչ որ թյուրըմբռնումներ են եղել Պեսկովի ասուլիսի ժամանակ: Միեւնույն ժամանակ, քաղաքականության մեջ նույնիսկ թյուրըմբռնումներն ունենում են որոշակի «ենթագիտակցական» շերտեր:

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Պուտինը ծանոթացրել է Ալիեւին ու Փաշինյանին, երբ ընդունելություն էր կազմակերպել ԱՊՀ անդամ երկրների ղեկավարների համար: Նիկոլ Փաշինյանն ասել է, որ ընդամենը եղել է ծանոթություն, որեւէ այլ շփում ու խոսակցություն չի եղել:

Նիկոլ Փաշինյանը վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո հայտարարեց, որ Արցախը պետք է դառնա բանակցության կողմ, Հայաստանը չի պատրաստվում բանակցել Արցախի փոխարեն եւ բանակցելու է միայն իրեն վերաբերող հարցերով:

Հետաքրքիր է, որ բանակցության վերաբերյալ որոշակի նոր մոտեցում էր առաջարկել նաեւ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, ասելով, որ պետք է բանակցությանը գնալ այլ դիրքերից, պահանջելով ամբողջը եւ մանեւրի տեղ թողնելով:

Հայաստանի նոր իշխանության մոտեցումներն առայժմ հայեցակարգային ձեւակերպումներ չունեն: Մյուս կողմից, սա փորձ է փոխել բանակցության տրամաբանությունը եւ Ադրբեջանին զրկել որոշակի առավելությունից, որ Բաքուն բանակցային կոչվող գործընթացում ստացել է ՀՀ նախորդ վարչակարգի քաղաքականության արդյունքում:

Մինսկի խմբի համանախագահներից Ռուսաստանի ԱԳ նախարարը հայտարարել է, որ դեմ չէ Արցախի մասնակցությանը, պայմանով, որ դրան համաձայնվեն Հայաստանն ու Ադրբեջանը: Մյուս երկու համանախագահներն առայժմ հրապարակային վերաբերմունք բարձր մակարդակով չեն հայտնել: Ադրբեջանը դեմ է:

Ադրբեջանի համար բանակցային գործընթացի տրամաբանության փոփոխությունը խնդրահարույց է: Բանն այն է, որ բանակցային գործընթացը «հաղթողական ու պահանջատիրության դիրքերից» նրա համար լավ հիմնավորում է իր երկրի ներսում, թե ինչու միլիարդների սպառազինություն ձեռք բերելու պայմաններով չի գնում ռազմական լուծման:

Մյուս կողմից, հասկանալի չէ, թե ինչի շուրջ էր բանակցում Հայաստանը: Եթե բանակցային գործընթացի իմիտացիան պահելու համար, որն իհարկե կարեւոր էր, միեւնույն է, նույնիսկ Ադրբեջանի իմիտացիոն առավելությունն այդ գործընթացում գնալով դառնում էր նաեւ բովանդակային:

Թեզը, թե եթե չմասնակցենք բանակցությանը, պատերազմ կլինի, շատ թույլ արդարացում էր, քանի որ պատերազմի սկսվել-չսկսվելը կապված չէ բանակցային գործընթացի հետ, եթե իհարկե հայերը չեն համաձայնվում հանձնել ամեն ինչ: Դա հստակ ցույց տվեցին 2016-ի ապրիլյան իրադարձությունները:

Հիմա, եթե հայկական կողմը բանակցությունը շարունակելու համար պնդում է Վիեննայի օրակարգը եւ Արցախի մասնակցությունը, Ալիեւը հայտնվում է էլ ավելի մեծ փակուղում: Բանակցությունը նրա համար դադարում է լինել հաղթողական, մյուս կողմից՝ պատերազմը սկսելու համար անհրաժեշտ են արտաքին լուրջ երաշխիքներ, ինչպես նաեւ հայկական կողմի «երաշխիքը», որ պատերազմը կդադարեցվի անհրաժեշտ պահին:

Ադրբեջանի զինուժի ակտիվ շարժերը հայկական սահմաններին ըստ էության հայկական կողմին ճնշելու եւ բանակցային նախկին տրամաբանությանը վերադարձնելու փորձ են:

Ի՞նչ դիրքորոշում ունեն համանախագահները:

Պուտինն Ալիեւին ծանոթացրել է Փաշինյանի հետ: Դա Ալիեւին նոր իրավիճակի հետ համակերպելու փո՞րձ է, թե՞ պարզապես հյուրընկալողի «պարտականություն»: