Lragir.am - գրում է. 

Չհամախմբվեք մեզ հետ ոչ մի հարցում, Եվրամիության Արեւելյան գործընկերության թեմայով Երեւանում տեղի ունեցած համաժողովում հայտարարել է Լուսավոր Հայաստան կուսակցության նախագահ, պատգամավոր Էդմոն Մարուքյանը, դիմելով քաղաքացիական հանրությանը: «Այսօր քաղաքացիական հասարակության գործընկերներից մեկը պնդում էր, որ քաղհասարակությունը պետք է համախմբվի նոր իշխանությունների հետ եւ աշխատի, եւ ամեն ինչ լավ կլինի: Ես կարծում եմ, որ քաղաքացիական հասարակությունը չպետք է համախմբվի որեւէ կառավարության հետ, որեւէ օրվա իշխանության հետ, այլ պետք է watchdog-ի (հաչող շուն) դերը տանի», հայտարարել է Մարուքյանը:

Նա ասել է, որ քանի որ Հայաստանում ներկայում չկա ֆունկցիոնալ ընդդիմություն, ինքը որպես իշխանության մաս կազմող մարդ կարող է հանգիստ քնել այն դեպքում, երբ գիտե, որ քաղաքացիական հասարակությունը համախմբված չէ իշխանության շուրջ եւ կատարում է իր առաքելությունը:

Զուտ ֆունկցիոնալ տեսանկյունից ճշմարտությունն այստեղ թերեւս մեջտեղում է, որովհետեւ քաղաքացիական հանրության խնդիրը իշխանության շուրջ համախմբել-չհամախմբվելը չէ, կամ որեւէ մեկի շուրջ ընդհանրապես: Քաղհասարակության խնդիրը օրակարգի շուրջ համախմբվելն է, կամ իր օրակարգի, կամ իր համար ընդունելի այլ՝ ընդդիմության, թե իշխանության:

Ըստ այդմ, քաղհասարակությունը հարկ եղած դեպքում պետք է աջակցի իշխանությանն իր համար ընդունելի օրակարգի դեպքում, եւ բարձրաձայնի խնդիրները, եթե օրակարգը ընդունելի չէ:

Դատելով կոնկրետ իրավիճակից, իշխանության շուրջ քաղհասարակության համախմբման հորդորը ամենեւին տարակուսելի կամ ֆունկցիոնալ առումով անոմալ չէ, հաշվի առնելով այն, որ հենց այդ քաղաքացիական ռեսուրսի մի զգալի մասն է նաեւ նպաստել թավշյա հեղափոխության իրականացմանն ու ձեւավորել այդ իշխանությունը: Ըստ այդմ, քաղհասարակությունն առնվազն այդ մասով չի կարող չհամախմբվել իր իսկ ձեւավորած իշխանության շուրջ, քանի դեռ այդ իշխանությունը չի շեղվել համատեղ օրակարգից:

Ավելին, ինչու՞ պետք է քաղհասարակությունը համախմբվի այդ իշխանության շուրջ. որովհետեւ դասական իմաստով իրավիճակը Հայաստանում չի վերադարձել ինստիտուցիոնալ միջավայր, նոր համակարգը ամբողջապես ձեւավորված չէ, դեռեւս ապամոնտաժման փուլում է հինը, կոռուպցիոնը, իսկ նորի ձեւավորումը պետք է լինի հենց քաղհասարակության եւ իշխանության համատեղ աշխատանքի արդյունք, որովհետեւ իշխանությունն ունի հին համակարգի դիմադրության կետերին դիմակայելու հարցում քաղաքացիական հասարակության աջակցությունը, կրկնում եմ՝ քանի դեռ այդ իշխանությունը սկզբունքորեն չի շեղվել քաղհասարակության շերտերի հետ համատեղ մշակված եւ առաջ մղված թավշյա օրակարգից:

Փոքր ինչ այլ է իրավիճակը քաղաքական տեսանկյունից: Այդ իմաստով Էդմոն Մարուքյանի մոտեցման շարժառիթը այլ է: Օրերս ԵԼՔ դաշինքը հայտարարեց, որ քննարկում է արտահերթ ընտրությանը մասնակցության ձեւաչափի հարցը, սակայն դեռ չկա որոշում: Միաժամանակ դաշինքի շուրջ ուշագրավ իրավիճակ է, որն առավել խորհրդավոր բնույթ ստացավ Մանե Թանդիլյանի հրաժարականից հետո, ընդ որում նաեւ Լուսավոր Հայաստան կուսակցությունից դուրս գալով: Այդ հրաժարականը ներկայացվեց կուտակայինի հարցում սկզբունքային դիրքորոշման համատեքստում, բայց հետաքրքիր է, որ Թանդիլյանը հրաժարական տվեց քվեարկությունից զգալի ժամանակ անց, մինչ այդ կողմ քվեարկելով կուտակայինի վերաբերյալ կառավարության որոշմանը: Ինչ տեղի ունեցավ հետո, արդյոք դա կարող էր կապված լինել ԵԼՔ դաշինքում միջկուսակցական խմորումների հետ:

Անկախ ամեն ինչից, իհարկե, ԵԼՔ դաշինքի պարագայում հարցը, թե արդյոք ՔՊ-ն կորոշի ընտրության գնալ միայնակ, արդիական է: Թավշյա հեղափոխությունը հաղթանակի կամ իշխանության հասցրած Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմը կհամաձայնե՞ն նոր խորհրդարան տանել ԵԼՔ դաշինքի իրենց գործընկերներին: Առանց դրա Փաշինյանն ու թիմը ոչ միայն կանցնեն խորհրդարան, այլ կարող են լինել հաղթելու հիմնական հավակնորդ: Դաշինքի մյուս ուժերը ոչ միայն հաղթելու շանս չեն ունենա, այլ ընդհանրապես խորհրդարան անցնելու:

Իհարկե դա առայժմ, որովհետեւ դժվար է անշուշտ կանխատեսել, թե իրադարձությունները ինչպիսի ընթացք կունենան հետագայում, եւ երբ ի վերջո կլինի արտահերթ ընտրությունը:

Սակայն քաղաքացիական հանրությանն ուղղված Էդմոն Մարուքյանի կոչի տողատակում անշուշտ արտացոլված է այդ խնդիրը, որ կա Լուսավոր Հայաստանի համար եւ որի նախագահը փորձում է տարածություն առաջացնել քաղաքացիական հասարակության ու Նիկոլ Փաշինյանի իշխանության միջեւ, արտահերթ ընտրությանը Փաշինյանի դաշնակցությանը չարժանանալու դեպքում հավակնելով իբրեւ դաշնակից ունենալ քաղհասարակությանը:

Նյութի աղբյուրը` Lragir.am