Վճռաբեկ դատարանի որոշմամբ այսօր՝ հունիսի 15-ին ԱԺ պատգամավորների անձնական երաշխավորությամբ ազատ արձակված Սամվել Բաբայանը քիչ անց կալանավայրից դուրս կգա:

NEWS.am-ի թղթակիցը «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկից հայտնում է, որ այստեղ են հավաքվել մեծ թվով քաղաքացիներ՝ դիմավորելու Արցախի պաշտպանության նախկին նախարարին:

Նշենք, որ Վճռաբեկ դատարանը այսօր փոխել է Սամվել Բաբայանի խափանման միջոցը՝ հաշվի առնելով Ազգային ժողովի 11 պատգամավորների ներկայացրած անձնական երաշխավորությունը: Դատարանի որոշմամբ ազատ արձակվեցին նաեւ ամբաստանյալներ Սանասար Գաբրիելյանն ու Արմեն Պողոսյանը: Դատարանը որոշեց նաեւ ամբաստանյալների բողոքը բավարարել մասնակի եւ գործն ուղարկել նոր քննության:

Հիշեցնենք, որ առաջին ատյանի դատարանը Սամվել Բաբայանին մեղավոր էր ճանաչել Քրեական օրենսգրքի 38-235-րդ հոդվածի 2-րդ մասով (մի խումբ անձանց կողմից ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) եւ 190-րդ հոդվածի 1-ին մասով (Հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելը (փողերի լվացում) եւ դատապարտել 6 տարվա ազատազրկման։ Վերաքննիչը անփոփոխ էր թողել առաջին ատյանի որոշումը: