«Բյուջեների կատարման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» որոշման նախագիծը բանավեճի առարկա դարձավ կառավարության հերթական նիստում։ Մշակույթի նախարար Լիլիթ Մակունցն առաջարկեց գոնե 6 ամսով հետաձգել օրենսդրական ակտի ընդունումը: Սակայն առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանն առաջարկեց, որ կառավարությունը շարժվի հենց այն ուղղությամբ, որն առաջարկում է Ֆինանասների նախարարը:

«Նշված նախագծի վերաբերյալ, ինչպես նաև գանձապետարանի հետ առնչվող հարաբերությունների առումով Մշակույթի նախարարությանը կից մի քանի ՊՈԱԿ-ների արվել են առաջարկներ, որ հարցը առ ժամանակ՝ գոնե 6 ամսով, հետաձգվի, մինչև որ հարցերը լուծումներ կգտնեն»,-ասաց Մակունցը:

Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը նշեց, որ այդ համակողմանի քննարկումը տևել է մոտ 10 տարի և նոր քննարկումները չեն ավելացնելու լրացուցիչ փաստարկներ. «Հարցը, մեր կարծիքով, արդեն իսկ բավականին հետաձգված է: Ես չէի ուզում այդ նախապատմությանն անդրադառնալ: 2011 թ-ին Պետական ոչ առևտրային կազմակերպությունների օրենքն ընդունվել է,, դեռևս 2008-ին օրենքի նախագիծ ներկայացվեց կառավարության կողմից ԱԺ, օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվել է, որտեղ այս դրույթը 2017 թ-ին դեկտեմբերին կարգավորում է ստացել օրենսդրական դաշտում և առաջին ընթերցումից հետո ուղղակի չի քննարկվել։ Այսօր այս ՊՈԱԿ-ների հաշիվներն առևտրային բանկերում են, և որևէ կանխարգելիչ վերահսկողական մեխանիզմ այդ հաշիվների նկատմամբ չկա: Սա վերաբերում է ոչ միայն մշակութային, այլև մյուս ՊՈԱԿ-ներին: Եվ Ֆինանսների նախարարությունը հաստատում է նախահաշիվները, իրենք էլ ներկայացնում են հաշվետվություններ»։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ խիստ մասնագիտական օրինագիծ է, և պետք է իսկապես հասկանալ բոլոր նրբությունները եւ առաջարկեց Ֆինասների նախարարին ներկայացնել, թե ինչ է փոխվելու մշակութային ՊՈԱԿ-ների համար, այս որոշումից հետո ինչպես են աշխատելու:

«Սակայն այս փոփոխությունից հետո բացի հաշվի՝ ֆիզիկապես գանձապետարան տեղափոխվելուց, բոլոր նրանց համար, ովքեր այս ընթացքում պահպանել են սահմանված կանոնները, տեղի է ունենում այն, որ իրենք իրենց հաշիվները սրանից հետո սկսում են էլեկտրոնային եղանակով կառավարել և չեն ունենում որևէ տեղաշարժի, շփման անհրաժեշտություն»,-բացատրեց նախարարը:

Լիլիթ Մակունցն էլ նշեց, որ միջազգային փառատոնների հետ գործակցության ժամանակ, հոնորարների և ելույթավճարների դեպքում տվյալ կազմակերպությունները հրաժարվում են անել գանձապետարանի հաշվին և ցանկանում են դա անել միայն առևտրային բանկերի հաշիվներին:

Ատոմ Ջանջուղյանն էլ առարկեց, որ իր համար տարօրինակ է, որ միջազգային կազմակերպությունները հրաժարվում են՝ «իրենց համար ի՞նչ տարբերություն»:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջարկեց հիմա ընդունել օրենքի նախագիծը՝ պայմանով, որ հետո մասնագիտական քննարկումներ կազմակերպվեն:

Առաջարկվող փոփոխություններով՝ պետական և համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների (ՊՈԱԿ) ենթահաշիվների, ինչպես նաև գանձապետարանում հաշիվներ ունեցող պետության կամ համայնքների կամ պետության ու համայնքների կողմից հիմնադրված հիմնադրամների, ինչպես նաև այդ հիմնադրամների կողմից հիմնադրված իրավաբանական անձանց և 50 տոկոսից ավելի պետական կամ համայնքի բաժնեմաս կամ պետական ու համայնքի (հանրագումարով) բաժնեմասեր ունեցող ընկերությունների, ինչպես նաև այդ ընկերությունների կողմից հիմնադրված իրավաբանական անձանց բանկային սպասարկման համար ենթահաշիվների վճարումները պետք է իրականացվեն գանձապետական միասնական հաշվից։

ՊՈԱԿ-ների գործունեության թափանցիկության և արդյունավետության բարձրացման նպատակով նախատեսվում է մինչև 2018 թվականի ավարտը ՊՈԱԿ-ների և հաշիվների համախմբման համար, վերջիններիս հաշիվների վարումը պետք է կազմակերպվի գանձապետարանի միջոցով, իսկ մինչև 2019 թվականի ավարտը պետական և համայնքների բյուջեների կատարման համար ներկայումս գործող նախնական հսկողության համակարգը կիրառել ՊՈԱԿ-ների հաշիվների նկատմամբ: