«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հունիսի 13-ին ՀՀ ՊԵԿ քննչական վարչությունը հայտարարություն էր տարածել այն մասին, որ ՊՆ-ում բացահայտել է չարաշահումներ: Ըստ պաշտոնական հաղորդագրության ՀՀ ՊՆ-ում 2014-2017 թվականների ընթացքում գնումների եւ բանակաշինության ոլորտներում առկա չարաշահումների գործով մեղադրանք է առաջադրվել ՊՆ կապիտալ շինարարության եւ զորքերի բնակավորման վարչության արտադրատեխնիկական բաժնի նախկին պետ Գրիգոր Բարսեղյանին՝ պաշտոնական լիազորությունները չարաշահելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, փաստաթուղթ կեղծելու համար, իսկ ՊՆ Կապիտալ շինարարության եւ զորքերի բնակավորման վարչության պետ Աշոտ Գրիգորյանին՝ առանձնապես խոշոր չափերով խարդախության փորձի, պաշտոնական լիազորությունները չարաշահելու, պաշտոնական փաստաթուղթ կեղծելու համար:

Հարցաքննության են կանչվել ՊՆ նախկին ու ներկա բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանը:

«Ժողովուրդ» օրաթերթին աղմկահարույց այս գործի շրջանակներում նոր մանրամասներ են հայտնի դարձել:

Մասնավորապես, ՊՆ-ում չարաշահումների այս պատմությունը բացահայտվել է 2017 թվականին, որին անգամ խառնվել է Սերժ Սարգսյանը: Ըստ մեզ հասած տեղեկությունների` ՊՆ կապիտալ շինարարության և զորքերի բնակավորման վարչության պետ Աշոտ Գրիգորյանը դեռեւս տարիներ առաջ անձամբ է բացահայտել այս պատմությունը եւ խնդրի մասին տեղյակ պահել իր վերադասներին:

Սերժ Սարգսյանը տեղեկանալով բանակում շինարարության ոլորտում առկա իրավիճակի մասին, պահանջել է, որ Աշոտ Գրիգորյանին տեղեկացնեն՝ անձամբ ներկայանա Բաղրամյան 26: Աշոտ Գրիգորյանը ներկայացել է Բաղրամյան 26, Սերժ Սարգսյանը բավականին խիստ է խոսել նրա հետ, որից հետո նրան ասել են՝ գնա եւ զբաղվի իր աշխատանքով»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում