«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հունիսի 13-ին ՀՀ ՊԵԿ քննչական վարչությունը հայտարարություն էր տարածել այն մասին, որ ՊՆ-ում բացահայտել է չարաշահումներ: Ըստ պաշտոնական հաղորդագրության ՀՀ ՊՆ-ում 2014-2017 թվականների ընթացքում գնումների եւ բանակաշինության ոլորտներում առկա չարաշահումների գործով մեղադրանք է առաջադրվել ՊՆ կապիտալ շինարարության եւ զորքերի բնակավորման վարչության արտադրատեխնիկական բաժնի նախկին պետ Գրիգոր Բարսեղյանին՝ պաշտոնական լիազորությունները չարաշահելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, փաստաթուղթ կեղծելու համար, իսկ ՊՆ Կապիտալ շինարարության եւ զորքերի բնակավորման վարչության պետ Աշոտ Գրիգորյանին՝ առանձնապես խոշոր չափերով խարդախության փորձի, պաշտոնական լիազորությունները չարաշահելու, պաշտոնական փաստաթուղթ կեղծելու համար:

Հարցաքննության են կանչվել ՊՆ նախկին ու ներկա բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանը: