Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) շրջափակել է Երկրապահ կամավորական միության Էջմիածնի տարածքային բաժանմունքի շենքը:

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ քիչ առաջ շենքից դուրս եկավ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը: Նա լրագրողների հետ զրույցում վստահեցրեց, որ ԱԱԾ-ն ներսում չէր:

«Ես եկել էի ճշտում անելու, ներսում հանգիստ է, որեւէ գործողություն չկա»,- ասաց նա:

Հարցին՝ ի՞նչ դիրքորոշում ունի ՀՀԿ-ն ԱԱԾ գործողությունների վերաբերյալ, խմբակցության ղեկավարը նշեց, որ իրենք օրինականության կողմնակից են. «Իսկ ինչն անօրինական կլինի, հետեւողական պետք է լինենք: Իրավաբանները պետք է մեկնաբանություն տան»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱԱԾ մամուլի խոսնակ Սամսոն Գալստյանը NEWS.am-ի հետ զրույցում հաստատել էր, որ ԱԱԾ-ն գործողություններ է իրականացնում Էջմիածնում, այդ թվում ՀՀԿ-ական պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի առանձնատանը: Մեր տեղեկություններով, հատուկ գործողություններ են իրականացվում նաեւ քրեական հեղինակություն Դոն Պիպոյի՝ Արթուր Ասատրյանի առանձնատանը:

Նշենք, որ մի քանի օր է՝ Էջմիածնում բողոքի ցույցեր են քաղաքապետ Կարեն Գրիգորյանի հրաժարականի պահանջով: Ըստ շրջանառվող լուրերի, Մանվել Գրիգորյանի որդու դեմ բողոքի ցույցերի նախաձեռնողը Դոն Պիպոն է: Այսօր երեկոյան Գրիգորյանների կողմնակիցները եւս բողոքի ակցիա են նախաձեռնել: