Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երկու օր առաջ որպես վկա հարցաքննվել է իր ղեկավարման տարիներին բանակում տեղի ունեցած չարաշահումների գործով: Այս մասին հայտարարել է ինքը՝ Սեյրան Օհանյանը՝ «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում:

Հարցին, թե ինչի՞ շուրջ էր հարցաքննությունը, պաշտպանության նախկին նախարարը պատասխանել է. «Նախաքննական ընթացակարգերից ելնելով՝ այդ հարցին ես չեմ կարող պատասխանել: Այն առնչվում էր բանակի գործունեությանը»:

Հիշեցնենք, որ ՊԵԿ հաղորդագրության համաձայն՝ պաշտպանության նախարարությունում 2014-2017 թվականների ընթացքում գնումների և բանակաշինության ոլորտներում առկա չարաշահումների վերաբերյալ ՊԵԿ քննչական վարչությունում քննվող քրեական գործով ՊՆ կապիտալ շինարարության եւ զորքերի բնակավորման վարչության արտադրատեխնիկական բաժնի նախկին պետ Գրիգոր Բարսեղյանին մեղադրանք է առաջադրվել պաշտոնական լիազորությունները չարաշահելու, առանձնապես խոշոր չափերով խարդախության, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, փաստաթուղթ կեղծելու համար, իսկ ՊՆ կապիտալ շինարարության եւ զորքերի բնակավորման վարչության պետ Աշոտ Գրիգորյանին՝ առանձնապես խոշոր չափերով խարդախության փորձի, պաշտոնական լիազորությունները չարաշահելու, պաշտոնական փաստաթուղթ կեղծելու համար:

Միաժամանակ դատախազի համաձայնությամբ, ՊԵԿ քննչական վարչության կողմից որոշում է կայացվել ՊՆ ԿՇ եւ ԶԲ վարչության պետ Աշոտ Գրիգորյանի պաշտոնական լիազորությունները ժամանակավորապես դադարեցնելու մասին:

Նախաքննության ընթացքում խուզարկություն է կատարվել նաեւ ՀՀ ՊՆ բարձրաստիճան անձանց աշխատասենյակներում, հարցաքննվել են մի քանի տասնյակ անձինք: Հարցաքննության են կանչվել ինչպես նախկին, այնպես էլ ներկայիս ՊՆ բարձրաստիճան պաշտոնատար անձինք, այդ թվում նաեւ ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանը: