Հունիսի 20-ի լրահոսն աչքի ընկավ իրավապահների լայնածավալ գրոհով, ամենատարբեր ուղղություններով ԱԱԾ, ոստիկանության իրականացրած հատուկ գործողություններով եւ խուզարկություններով՝ ԵԿՄ կենտրոնական գրասենյակ, ԵԿՄ Ավան-Առինջի մասնաճյուղ, Յանս ժամանցային-երաժշտական ակումբ, որն ըստ մամուլի պատկանում է Սերժ Սարգսյանի համհարզ Վաչիկին, տեղեկություն տարածվեց Սեքյուրիթի դրիմ եւ Էլիպս ընկերություններում գործողությունների մասին: Ըստ մամուլի, դրանք առնչություն ունեն Սերժ Սարգսյանի եղբոր՝ Սաշիկի հետ: Ոստիկանությունը հատուկ գործողություն, խուզարկություն է իրականացրել քրեական հեղինակությունների եւ օրենքով գողերի տներում:

Հունիսի 20-ը պայմանականորեն հնարավոր է գնահատել Մանվել Գրիգորյանի գործի բուռն շարունակություն, տարբեր այլ գործերի առիթներով: Բայց իրավապահների «միասնական» ու լայնածավալ գործողությունը արդյոք աշխատանքային զուգորդում է, թե՞ այդուհանդերձ կա միասնական համակարգում եւ միասնական նպատակ:

Ընդհանուր առմամբ, իհարկե, նպատակ կա՝ Հայաստանում օրինականության հաստատում եւ կոռուպցիայի դեմ պայքար, քաղաքական կյանքում քրեական եւ ռազմականացված խմբավորումների դերակատարման չեզոքացում:

Սակայն այդ ամենից զատ, տեղի ունեցող զարգացումները եւ իրավապահների լայնաճակատ գործողությունները թերեւս ուշագրավ լույսի ներքո կարող են հայտնվել հունիսի 18-ին լրագրողների հետ ճեպազրույցում ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանի հայտարարության ֆոնին, ի պատասխան Նիկոլ Փաշինյանի եւ իր անվտանգության մասին հարցի: Լրագրողները հարցրել էին հնարավոր սպառնալիքների, ռիսկերի մասին: Արթուր Վանեցյանն ասել էր, թե տեղեկություններ են ստանում, որ կան խմբեր, որոնք ունեն այդպիսի մտադրություն:

«Մենք ստանում ենք ինֆորմացիաներ, որ որոշ խմբեր փորձում են վնասազերծել ինձ, բայց չի ստացվի, նույնն էլ վարչապետի հետ, բայց կարծում եմ՝ ոչ մեկ չի համարձակվի նման վարկանիշ ունեցող վարչապետի նկատմամբ ինչ-որ քայլեր անել», հայտարարել էր ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը:

Այդ հայտարարությունը փաստացի կարող է դիտարկվել որպես զգուշացում, որից հետո ԱԱԾ-ն իրավապահների հետ միասին անցնում է լայնածավալ գրոհի, որի թիրախները բավական բազմազան են եւ խիստ ուշագրավ, սկսած անվտանգության սարքավորումներ տեղադրող ընկերությունից մինչեւ քրեական հեղինակություններ ու ժամանցային օբյեկտներ, որոնք պատկանում են Սերժ Սարգսյանի անվտանգությամբ զբաղված անձի, որը նախկին պաշտոնի բերումով թերեւս տիրապետում է պետական անվտանգության մեխանիզմներին առնչվող տեղեկատվության:

Միեւնույն ժամանակ, բացարձակապես զարմանալի չէ, որ Նիկոլ Փաշինյանը, ԱԱԾ պետը կարող են թիրախ դիտարկվել տարբեր խմբերում, որոնք կորցնում են յուրացված իշխանություն եւ ռեսուրսներ: Փաստացի, նրանց «նկուղներից» եւ «օբյեկտներից» դուրս է բերվում պետությունը, պետությունը սկսում է աշխատել, գործել, ապրել: Եվ այդ համատեքստում իհարկե մի կողմից կա վտանգը, որի մասին նաեւ ԱԱԾ պետն է խոսել, մյուս կողմից էլ կա պետություն, որի գործառույթը նաեւ այդպիսի վտանգները չեզոքացնելն է:

Միեւնույն ժամանակ, ԱԱԾ պետի հայտարարության տողատակում կա նաեւ ուշագրավ ազդակ, մարդկանց, ովքեր կարծում են, թե սպառնալից մտադրություններն իրականացնելով կարող են հետ շրջել այն, ինչ տեղի է ունենում Հայաստանում: Նիկոլ Փաշինյանի հանրային մեծ վարկանիշի հիշատակումը առանձնահատուկ ազդակ է:

Հայաստանում կատարվում է պատմական վերափոխում, որն ունի թե ներքին, թե ռեգիոնալ, թե ընդհանրապես աշխարհքաղաքական ահռելի նշանակություն, եւ այդ տեղի ունեցողը փաստացի ստացել է միջազգային ճանաչում:

Այլ կերպ ասած, Հայաստանում տեղի ունեցողը «ներքին ռազբորկայի» տրամաբանության մեջ դիտարկելն ու ըստ այդմ դրանում սեփական շահերի համար առկա խնդիրների լուծումը պարզունակ ձեւերով տեսնելը մեղմ ասած ոչ միայն անվտանգության երաշխիք չէ, այլ ավելի մեծ վտանգ է նրանց համար, ովքեր կփորձեն այդպես լուծել հարցերը:

Խոշոր հաշվով, Նիկոլ Փաշինյանն ու ԱԱԾ-ն են անվտանգության գերակա երաշխիքը, իհարկե օրինական եւ իրավական խաղի որոշակի կանոններով, որոնց դիմադրելը նախկին համակարգի սեգմենտների համար որեւէ ձեւի պարագայում չի կարող լինել անվտանգություն: Որովհետեւ Հայաստանում տեղի ունեցողը խորքային առումով միջազգային նշանակության իրադարձություն է, ըստ այդմ Նիկոլ Փաշինյանին հայտարարված պատերազմը նշանակելու է պատերազմ միջազգային այն դերակատարներին, որոնք ընդունել են Հայաստանում տեղի ունեցողն առնվազն ի գիտություն եւ ճանաչել այն, դրանում տեսնելով աշխարհակարգային վերափոխման ներկայիս փուլում փոխադարձ ընդունելի բովանդակությունն ու միտումները:

Նյութի աղբյուրը՝ Lragir.am