ԱԱԾ-ն երեկ բերման է ենթարկել հայկական ռազմա-քաղաքական դաշտի խեղկատակներից մեկին՝ ՀՀԿ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանին, ում տանը խուզարկություն են կատարել եւ զենք հայտնաբերել: Սա Ղարաբաղյան առաջին պատերազմի հերթական մակաբույծն է, ով այդ տարիներին Մանվելի հովանու տակ նախ հավ ու ոչխար էր գողանում Հադրութի շրջանի բնակչությունից, ապա նրա հետ միասին անցավ լայնածավալ թալանի:

Պատերազմի շրջանում իր գործունեությունը նա բնութագրել է կարճ՝ ազգի համար ո. եմ տվել: Ճակատում նա երեւաց նաեւ ապրիլյան ռազմագործողությունների ժամանակ, երբ ծխախոտ էր շպրտում զինվորների ուղղությամբ, ովքեր գնում էին առաջնագիծ:

Շմայսը Մանվելի «ալիբին» էր, եւ պատերազմի մասին հարցերին պատասխանելիս հաճախ հղում էր անում նրան՝ Շմայսին հարցրեք, կվկայի: Հատկապես Մարտակերտում իր հանցավոր անկոմպետենտության պատճառով հարյուրավոր զոհերի հարցում:

Պատերազմից հետո Շմայսը Մանվելի հետ մտավ քաղաքական անցուդարձի մեջ, ռազմաֆեոդալական միության շրջանակում, որի առջեւ Լեւոն Տեր-Պետրոսյանն ու Վազգեն Սարգսյանը, ապա հաջորդ նախագահները դրել էին որոշակի խնդիրներ՝ ճնշել ընդդիմության ու հանրության բողոքի դրսեւորումները:

Այնուհետեւ նրանք դարձան նաեւ պատգամավորներ, աչքի ընկնելով իրենց վայրենի ու հակահիգիենիկ արարքներով ու հայտարարություններով:

Շմայսը ՀՀԿ-ի սիրելին էր, եւ օրինակ Սերժ Սարգսյանը լրագրողներին հորդորում էր լուրջ հարցեր տալ նրան ու մյուս խեղկատակներին: Հիմա լուրջ հարցեր տալու ժամանակն է:

Շմայսը թավշյա հեղափոխությունը «ցրողների» մեջ էր, ճանապարհներ էր փակում՝ հանրային երթերը թույլ չտալու համար:

Մանվելից հետո նրա հանդեպ իրավապահների գործողությունները տրամաբանական են, եւ ըստ ամենայնի՝ կապված չեն միայն կոռուպցիոն սխեմաների հետ:

Նյութի աղբյուրը՝ Lragir.am