Փրկարարներն Աբովյան քաղաքում շարունակում են որոնել հունիսի 9-ից անհետ կորած համարվող, աուտիզմով տառապող 14-ամյա Հայկ Հարությունյանին:

Արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունից հայտնեցին, որ այսօր՝ ժամը 13:45-ին Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում վերսկսվել են կորած երեխայի որոնողական աշխատանքները: Աշխատանքներում ներգրավված է 7 փրկարար:

Նշենք, որ դեռ երեկ ուշ երեկոյան ԱԻՆ-ում ահազանգ էր ստացվել, որ Հայկ Հարությունյանին նկատել են Աբովյան քաղաքում: Մի քանի ժամ տեւած որոնումներն արդյունք չէին տվել եւ փրկարարները դադարեցրել էին աշխատանքը:

Հիշեցնենք, որ երեխայի կորելու մասին տեղեկությունն ԱԻՆ փրկարար ծառայությունը ստացել է հունիսի 9-ին: Ըստ եղբոր ահազանգի՝ Հայկը հունիսի 8-ին ժամը 17։00-ի սահմաններում դուրս է եկել տանից եւ չի վերադարձել: Ստացված տեղեկություններով՝ երեխայի հագին եղել է կանաչ վերնաշապիկ եւ կիսատաբատ:

Տեւական որոնողական աշխատանքներն արդյունք չտվեցին, եւ հունիսի 18-ին գլխավոր դատախազությունում քրեական գործ հարուցվեց՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (սպանություն):