Շաբաթավերջին տեղեկություն եղավ, թե Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը պատրաստվում է հրաժարական տալ: Նրա մամուլի քարտուղարը սակայն հերքեց տեղեկությունը, ասելով, թե այս պահին նման բան չկա:

Իրավապահների աղմկոտ բացահայտումների մի զգալի մասն ուղիղ կամ անուղղակի առնչվում է Տարոն Մարգարյանին ու Երեւանի քաղաքապետարանին: Երեւան հիմնադրամ, Յունիգրաֆ իքս, Ռոբերտ-Տարոն, մի շարք այլ դրվագներ, որոնցով հայտնաբերվել են ահռելի չափերի չարաշահումներ ու յուրացումներ:

Տարոն Մարգարյանն աչքի է ընկել նաեւ թավշյա հեղափոխության դեմ ակցիաներով, երբ իրեն ենթակա թաղային խաժամուժը հարձակումներ էր գործում ցուցարարների ու լրագրողների վրա: Այս դրվագներով նույնպես կա քրեական գործ:

Տարոն Մարգարյանի գործունեությունը Երեւանի քաղաքապետի պաշտոնում կոռուպցիայի թանգարան է, ինչպես բնութագրել էր մի փորձագետ:

Նա խնդիրներ ունի նաեւ իր սեփականության մասով, որի ծագումնաբանության մասին այդպես էլ հոդաբաշխ բացատրություն չի տվել, իսկ իրավապահները նախկին վարչակարգի օրոք մերժել են ընթացք տալ համապատասխան դիմումներին: Այս հարցում նա անելանելի վիճակի մեջ է. նա մի առիթով ասել է, որ այդ սեփականությունը, մասնավորապես ահռելի քանակի անշարժ գույքը ժառանգություն չի ստացել հորից, քանի որ այդ ժամանակ հարցեր կառաջանան հոր դեպքում:

Տարոն Մարգարյանի կապակցությամբ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ նա կհեռանա այն դեպքում, երբ ինքը կհորդորի: Դա այն ժամանակաշրջանն էր, երբ Տարոնը հակացույցեր կազմակերպեց իր հրաժարականը պահանջողների դեմ եւ «հաղթանակ» տարավ: Սակայն հաղթանակը խիստ հարաբերական հասկացություն է ընդհանուր զարգացումների, եւ մասնավորապես կոռուպցիոն սխեմաների ֆոնին:

Տարոն Մարգարյանն ակնհայտորեն ուշացնում է, այն էլ աչքի առաջ ունենալով մի շարք իրադարձություններ: Արդյոք սպասում է, որ ինչպես գեներալ Մանվելի դեպքում, ՀՀԿ-ականները նրա պարագայում էլ ախուվիշ կանեն, թե իրենց համար անակնկալ էր այդ ամենը, Տարոնից չէին սպասում նման բան, եւ այլն: