Նախիջեւանի ուղղությամբ ռազմական ռիսկի առումով ոչ մի փոփոխություն տեղի չի ունեցել: Այս մասին, այսօր՝ հունիսի 25-ին, Facebook-ի ուղիղ եթերում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Օգտատերերից մեկը հարց ուղղեց. «Տեղեկությունների համաձայն՝ հակառակորդն զգալիորեն առաջ է շարժվել Արենի գյուղի ուղղությամբ՝ գրավելով կարեւոր բարձունք, ինչի արդյունքում լուրջ առավելություն է ստացել մեր դիրքերի նկատմամբ եւ դիտարկում է Արենի գյուղը»։

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանն ասաց. «Այդտեղ կարեւոր բարձունքի գրավում տեղի չի ունեցել։ Այն տարածքները, որոնք հիմա տիրապետում է Ադրբեջանը, դրանք միշտ էլ եղել են Ադրբեջանի հսկողության տակ։ Այդ առումով ոչինչ չի փոխվել։

Դիրքերի որոշակի տեղաշարժ եղել է։ Երբ Ադրբեջանը հայտարարում է, որ դեպի Երեւան-Լաչին ավտոճանապարհը նշանառության տակ է առել, ապա ասեմ, որ 1992-93 թվականներից այդ ճանապարհը նշանառության տակ է։ Այդ առումով ոչ մի փոփոխություն տեղի չի ունեցել։ Նախիջեւանի ուղղությամբ տեղի է ունեցել դիրքերի որոշակի տեղաշարժ։ Ընդ որում, խոսել մեր կողմից ինչ-որ տարածքների կորստի մասին, անհեթեթություն է։ Ինչպե՞ս եք պատկերացնում՝ տարածք կորցնել առանց մի հատիկ կրակոցի։ Դա հնարավոր չէ»,-հայտարարեց Փաշինյանը։

Նա ընդգծեց, որ Ադրբեջանը որոշ դիրքեր տեղաշարժել է տարբեր ուղղություններով. «Ես հիմա չեմ ուզում անդրադառնալ այն թեմային, թե մենք որեւէ դիրք տեղաշարժել ենք, թե ոչ։ Ուզում եմ ասել, որ մարտավարական եւ ռազմական առումով որեւէ էական փոփոխություն տեղի չի ունեցել Նախիջեւանի ուղղությամբ։ Նույն իրավիճակն է, ինչ մի քանի ամիս առաջ։ Իրավիճակի որոշակի լարում է տեղի ունեցել է եւ այդ իրավիճակը շարունակում է մնալ այդպես, բայց անհեթեթություն է այն քարոզչությունը, որ Ադրբեջանը տանում է այս հարցի կապակցությամբ։ Մենք հիմա աշխատում ենք, որ բոլոր այն ռիսկերը, որոնք կարող են բխել դիրքերի փոփոխությունից, այդ իրավիճակը կառավարել»։

Ինչ վերաբերում է Ադրբեջանի կողմից տարածվող տեղեկություններին, թե իրենք բնակեցրել են ազատագրված մի գյուղ, Փաշինյանն ասաց. «Հայտնի գյուղի տարածքը ինչպես եղել, այնպես էլ շարունակում է լինել մեր զորքերի տեսադաշտում եւ հսկողության ներքո, որեւէ բնակեցում այնտեղ չի կարող լինել, դա անհեթեթություն է։

Ռազմական ռիսկի առումով ոչ մի փոփոխություն տեղի չի ունեցել»։