Ցանկանում եմ այստեղից հստակ ուղերձ հղել Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությանը, որ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ ռազմական ագրեսիայի նոր փորձը կկանգնեցվի և համարժեքորեն կպատժվի հայկական զինված ուժերի կողմից: ԵԽԽՎ նստաշրջանում ունեցած ելույթում այս մասին հայտարարել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամ Սամվել Ֆարմանյանը՝ անդրադառնալով շփման գծում եւ հայ-ադրբեջանական սահմանին Բաքվի կողմից զինտեխնիկայի եւ մարդկային ուժի կուտակումներին:

«Քննարկվող ժամանակաշրջանում Հայաստանը եղել է Վեհաժողովի, և ընդհանրապես, եվրոպական քաղաքական հանրության ուշադրության կենտրոնում: Հայաստանում տեղի է ունեցել իշխանության խաղաղ փոխանցում՝ նշանավորելով հայաստանյան ժողովրդավարության ուժն ու հասունությունը: Այն հնարավոր դարձավ ի շնորհիվ ինչպես զանգվածային հանրահավաքների կազմակերպիչների, այնպես էլ այդ ժամանակվա իշխանությունների պատասխանատվության և հանձնառության ընդգծված ընկալման: Սա ևս մեկ պատասխան էր բոլոր նրանց, ովքեր մահոգված էին հայաստանյան ժողովրդավարության ապագայով:

Ակնհայտ է, որ հայաստանյան ժողովրդավարությունը նոր հնարավորություն է ստացել՝ դառնալու ավելի ուժեղ և երաշխավորելու իր անշրջելիությունը: Յուրաքանչյուր հնարավորություն, միևնույն ժամանակ, նաև մարտահրավեր է: Ես իսկապես հուսով եմ, որ միասնության, հույսի և լավատեսության ալիքը, որ համակել է հասարակության լայն շերտերի, չի կասեցվի լավ չմտածված գործողություններով, որոնք մոտենում են մի կողմից օրինականության ապահովման և քաղաքական հետապնդումների նուրբ սահմանին, մյուս կողմից՝ նոր կառավարությանը հանրային լայն աջակցութուն ապահովելու և քայլերի, որոնք կարող են որակվել որպես լրատվամիջոցների ազատության ճնշում՝ մղելու ինքնագրաքննության կամ լռության՝ կրկին նուրբ սահմանին: «Հրապարակ» օրաթերթի դեմ զանգվածային և լավ կազմակերպված արշավը, որում ներգրավված են նաև կառավարության պաշտոնյաներ, մտահոգիչ է, և այս դահլիճից ես կոչ եմ անում Հայաստանի կառավարությանն արձագանքելու այս խնդրին և դիրքորոշելու իրեն որպես լրատվամիջոցների ազատության աներկբա աջակից:

Հավատացած եմ, որ նոր կառավարությունը քաջ գիտակցում է, որ Հայաստանը ժողովրդավարության իր ճանապարհին հուսալի այլընտրանք չունի, որտեղ լրատվամիջոցների ազատությունն ունի անկյունաքարային նշանակություն:

Լեռնային Ղարաբաղի շուրջ իրերի դրությունը էականորեն ավելացրել է մեր մտահոգությունները Ադրբեջանի կողմից՝ Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի դեմ ռազմական նոր ագրեսիայի հավանականության շուրջ: Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև շփման գծի, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի սահմանների ողջ երկայնքով զինված ուժերի աննախադեպ կուտակումները, հարձակողական սպառազինության շարունակական ձեռքբերումները, ներառյալ ամերիկյան արտադրության Bell–412 ուղղաթիռների ձեռքբերումը, որն իրականացվել է ամերիկյան և միջազգային օրենսդրության կոպիտ խախտմամբ, զուգակցվում է ադրբեջանական հասարակության ներսում տարվող պատերազմի աննախադեպ քարոզչությամբ:

Գործընկերնե՛ր: Շատ փորձագետներ կարծում են, որ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ ադրբեջանական ռազմական նոր ագրեսիան թակում է դուռը, և մեր մայրցամաքի հարավարևելյան անկյունում վառոդի հոտ է գալիս: Վեհաժողովը և անդամ պետությունները պետք է շատ հստակ արտահայտվեն, որ ռազմական նոր ագրեսիան դատապարտելի է, և այն պետք է կանխվի:

Ցանկանում եմ այստեղից հստակ ուղերձ հղել Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությանը, որ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ ռազմական ագրեսիայի նոր փորձը կկանգնեցվի և համարժեքորեն կպատժվի հայկական զինված ուժերի կողմից: Ես այստեղ եմ՝ բարձրաձայնելու մի պարզ ճշմարտություն, որ պատերազմը հարցի լուծման տարբերակ չէ, և որ Ադրբեջանը չի կարող կոտրել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կամքը կամ կասկածի տակ դնել նրա ազատությունը: Ես այստեղ եմ նաև ասելու, որ մենք բոլորս դառնալու ենք մեկ մարդ և որ հայաստանյան քաղաքական ուժերի միջև առկա բոլոր տարաձայնությունները վայրկենապես վերանալու են, և մենք լինելու ենք միասնական ու համերաշխ՝ լի վճռականությամբ, երբ խնդիրն առնչվի արդարությանը, հիշողությանը և ինքնությանը, երբ հարցը վերաբերի Արցախին:

Ճիշտ այնպես, ինչպես դա եղավ 1990-ականների սկզբին: Նրանք, ովքեր բավարար իմաստնություն ունեն, դասեր են քաղում սեփական պատմությունից, այդ թվում՝ նորագույն պատմությունից: Հուսով եմ, որ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունն այդ շարքում է»: