Ազգային անվտանգության ծառայությունը հունիսի 25-ին բերման է ենթարկել, իսկ ավելի ուշ հայտարարել է Պետական պահպանության ծառայության պետի նախկին տեղակալ Վաչագան Ղազարյանին կամ այլ կերպ ասած՝ Սերժ Սարգսյանի թիկնազորի պետ Վաչոյին ձերբակալելու մասին: Նրան մեղադրանք է ներկայացվում ապօրինի հարստացման և պետական պաշտոնյաների հայտարարագրերի մասին օրենսդրությունը խախտելու, կեղծ տվյալներ ներկայացնելու համար:


Ինչպես հայտնի է, մի քանի օր առաջ ԱԱԾ-ն տեղեկություն էր տարածել «Յանս» ակումբում հատուկ գործողության մասին, որը, ըստ լուրերի, պատկանում է հենց Վաչագան Ղազարյանին: Այնտեղից հայտնաբերվել և Կենտրոնական բանկին ի պահ էր տրվել մեկ միլիոն դոլարից ու 200 հազար եվրոյից ավելի փող: Այսպիսով, Վաչագան Ղազարյանի ձերբակալությունը հերթականն է այս օրերին ԱԱԾ և ոստիկանության սկսած հատուկ գործողությունների շարքում, սակայն իր՝ այսպես ասած կալիբրով այս ձերբակալությունն աննախադեպ է, քանի որ ըստ էության՝ ընդհուպ հասել է Սերժ Սարգսյանին:

Իրավիճակն առավել ուշագրավ է դարձնում այն, որ նախօրեին ապօրինի զենք-զինամթերք պահելու կասկածանքով ոստիկանությունը բերման էր ենթարկել Սաշիկ Սարգսյանին՝ Սերժ Սարգսյանի եղբորը: Նրան, իհարկե, հետո ազատ են արձակել, սակայն հայտնի չէ, թե ինչ է պարզվել զենք-զինամթերքի մասով: Հիշեցնենք, որ օրերս էլ նույն պատճառով ԱԱԾ բերման էր ենթարկվել Սերժ Սարգսյանի, իհարկե, ոչ անմիջական, սակայն դարձյալ մերձավոր Շմայսը, որը հետո ազատ էր արձակվել կամավոր կերպով ապօրինի զենք-զինամթերքի տեղը ցույց տալուց հետո:

Ի՞նչ պայմանով է ազատ արձակվել Սաշիկ Սարգսյանը, արդյո՞ք նա նույնպես կամավոր խոստովանություն է արել, թե՞ նրա հարցում չի հաստատվել որևէ կասկած: Իսկ գուցե իրավապահները համարել են, որ մի օրում երկուսը իսկապես շատ է՝ Սերժ Սարգսյանի թիկնազորի ղեկավարն ու եղբայրը, ու որոշել են մեկին բաց թողնել: Իրավիճակը շատերին իսկապես տվել է տարաբնույթ հումորային մեկնաբանությունների տեղիք, սակայն պետք է, իհարկե, արձանագրել, որ երկրում տեղի են ունենում լուրջ գործընթացներ, որոնք մի կողմից իրար հետևից տալիս են հանրությանը հուզող, այդ թվում տարիներ շարունակ հուզող հարցերի պատասխաններ, մյուս կողմից՝ իրենց հերթին, իհարկե, առաջացնում են նորանոր հարցեր:

Եվ այստեղ, իհարկե, առանցքային կետերը երևի թե երեքն են. իրավապահ համակարգն անում է իր գործը, իսկ ինչպե՞ս է իր գործն անելու դատական համակարգը՝ հատկապես, երբ ունենք, օրինակ, Մասիսի քաղաքապետի ազատարձակման օրինակը. իրավապահները մի կողմից ցույց են տալիս, որ իրենց համար չկա որևէ անուն-ազգանունի ճանապարհին որևէ քաղաքական արգելք կամ խոչընդոտ, բայց հանրության մոտ այս դեպքում առավել սուր է հնչում հարցը, թե կհասնե՞ն արդյոք անմիջապես առաջին դեմքերի, թե՞ սա առավելագույնն է. և վերջապես՝ ի վերջո ի՞նչ մասշտաբի է եղել Հայաստանի հանրության ու պետության թալանը և որտեղից է սկսվում դրա համար տրվող պատասխանն ու ինչով այն պետք է շարունակվի, մինչև ուր և մինչև երբ:

Եվ այս ամենում, իհարկե, առանցքայինն այն է, որպեսզի գործընթացից հանրությանն ու պետությանը չմնա միայն տեսարանն ու այսպես ասած հոգևոր բավարարվածությունը, որովհետև այն, ինչ տեղի է ունենում այժմ, դա, ըստ էության, անհրաժեշտությունն է, որ կա թավշյա հեղափոխությունը նոր որակի պետական ռելսերի վրա բերելու և արդեն բնականոն ընթացք զարգացնելու համար, սակայն լինելով նվազագույն անհրաժեշտը՝ ամենևին բավարարը չէ: Սա, իհարկե, պատվանդանն է, թեև դրա վրա կառուցվելիքի, այսպես ասած, նախագիծը հանրությանը կներկայացվի արդեն արտահերթ ընտրության գործընթացում: