Երեւանում, այսօր՝ հունիսի 26-ին, կրակոցներ են հնչել. Ժամը 00:20-ի սահմաններում «Աստղիկ» բժշկական կենտրոնից ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:

Shamshyan.com-ի փոխանցմամբ, ոստիկանները պարզել են, որ վիրավորը 38-ամյա Արմեն Մխիթարյանն է, ով հիվանդանոց է տեղափոխվել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Շահումյան 4-րդ փողոցից:

Բժիշկները իրավապահներին հայտնել են, որ վիրավորը ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալ, քանի որ գտնվում է վիրահատարանում:

Ոստիկանները տաք հետքերով պարզել են, որ նրա վրա կրակոցներ է արձակել Շահումյան փողոցի բնակիչ, 24-ամյա Հրաչյա Գ.-ն:

Աղբյուրի տեղեկություններով՝ ոստիկանները հայտնաբերել են նաեւ որսորդական հրացան, որը, ըստ տեղեկությունների, պատկանում է կասկածյալ Հրաչյա Գ.-ի եղբորը եւ կան կասկածներ որ նշված հրացանով է նա կրակել Ա. Մխիթարյանի ուղղությամբ:

Դեպքի վայրում մոտ 35-40 մետր ողջ ճանապարհը արյան հետքերով էր պատված, իսկ դեպքի վայրում էլ հայտնաբերվել է Mercedes մակնիշի 15 GZ 015 համարանիշի ավտոմեքենա, իսկ դեպքի վայրից քիչ հեռու՝ խաչմերուկում, հայտնաբերվել է քաղաքացու տան դարպասին հարվածած Mercedes G500 մակնիշի 01 FԼ 001 համարանիշի ավտոմեքենա եւ բախման հետեւանքով տապալվել է նշված տան դարպասը:

Ոստիկանները տաք հեռքերով հայտնաբերել են կասկածյալ Հրաչյա Գ.-ին, ինչպես նաեւ հանցագործության գործիք հանդիսացող հրացանը: