Առաքել Մովսիսյանը՝ հայտնի Շմայս մականունով, այսօր ինքնակամ ԱԱԾ է ներկայացել եւ հանձնել անօրինական պահվող վերջին զենքը: Այս մասին ԱԱԾ-ից դուրս գալուց հետո ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, ՀՀԿ-ական Առաքել Մովսիսյանն ասել է «Ազատություն» ռադիոկայանին:

«20 տարի առաջ, որ պատերազմից եկել էինք, իմ պատմական Շմայս անունով ավտոմատը ու մի քանի փամփուշտներ քանի որ պահած էր, հիշեցի, որ պահած էր, ասեցի՝ թող չմնա փչանա: Զանգեցի իմ քննիչին, անձամբ ներկայացա: Արդեն կարիք չեմ տեսնում էս երկրում զենք պահելը: Անօրինական ինչ կար, բերեցի, հանձնեցի: Ուրիշ բան չկա էլ»,- վստահեցրել է Մովսիսյանը:

Նա հավելել է, որ ուզում է այլեւս «մաքուր ապրել»: «4 էրեխեքի հայր եմ, ուզում եմ հանգիստ կյանքով ապրել: Հիմա օրենքի երկիր է դարձել, ազնիվ երկիր է դարձել, ուզում եմ օրենքի տառին համապատասխան, մաքուր ապրել»:

Առաքել Մովսիսյանն անօրինական զենք ունեցողներին էլ կոչ է արել հետեւել իր օրինակին ու հանգիստ քնել:

«Էն ժամանակ որ պահել էի, ամեն վայրկյան սպասում էինք պատերազմի, դե գիտեք, դժվարություն կար զենքի: Բոլորին կոչ եմ անում օրինակ ծառայել, որեւէ մեկը չհապաղի, բերի այդ զենքերը հանձնի: Մի բանում պիտանի կլինի բանակին, եւ իրենք էլ հանգիստ կքնեն»,- հավելել է Մովսիսյանը: