Նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանը, ով թավշյա հեղափոխության օրերին Փարաքարում ցուցարարների ճանապարհն էր փակում եւ իրեն դիտարկում այդ տարածքի օրենք ու Սահմանադրություն, նախօրեին հիշել է, որ դեռեւս արցախյան պատերազմից մնացած Շմայսեր տեսակի ավտոմատ ունի պահած եւ այն բերել ու հանձնել է ԱԱԾ:

Օրեր առաջ Շմայսին բերման էին ենթարկել, ապօրինի զենք-զինամթերք պահելու կասկածանքով: Հետո ազատ էին արձակել, չէին ձերբակալել, քանի որ կամավոր խոստովանել էր, որ ունի այդպիսի զենք եւ ցույց էր տվել տեղը, բայց «Շմայսերի» մասին փաստորեն չէր հիշել:

Հիշել է մի քանի օր անց: Ի՞նչ է տեղի ունեցել, որ Շմայսը հիշել է այդ մասին եւ փաստորեն հրաժարվել իր «մականունից», հանձնելով «Շմայսեր» ավտոմատը: Բանն այն է, որ Շմայսի հիշողության թարմացումից առաջ, դրա նախօրեին, տեղի ունեցավ հատկանշական երկու իրադարձություն՝ ԱԱԾ-ն բերման ենթարկեց Սերժ Սարգսյանի համհարզ Վաչագան Սարգսյանին, իսկ ոստիկանությունն էլ բերման ենթարկեց Սերժ Սարգսյանի եղբորը՝ Սաշիկ Սարգսյանին: Մեկին բերման են ենթարկել ապօրինի հարստացման կասկածանքով, մյուսին՝ Սաշիկ Սարգսյանին՝ ապօրինի զենք-զինամթերքի:

Վաչագան Սարգսյանին ձերբակալեցին, Սաշիկ Սարգսյանն ազատ արձակվեց: Արդյոք նա էլ Շմայսի նման հանձնել է այն զենքը, որի համար կասկածել ու բերման էին ենթարկել, թե՞ Սաշիկ Սարգսյանի ու Վաչագան Սարգսյանի հանդեպ իրավապահների գործողությունների բուն նպատակը «մեսիջն» էր բոլոր նրանց, ովքեր չնայած նոր իրավիճակին եւ իրավապահների հետաքրքրությանը իրենց հանդեպ, այդուհանդերձ «վերջին հույսը» խնամքով փայփայում էին:

Այդ իմաստով, կարող է խորհրդանշական դառնալ նաեւ Շմայսի հիշողության թարմացումը, այն էլ իր համար խորհրդանշական առարկայի մասով՝ պատերազմից պահած «Շմայսերը»: «Շմայսերը» ըստ էության նրա վերջին հույսն էր, որը նա հանձնեց ԱԱԾ այն բանից հետո, երբ ԱԱԾ-ն ու ոստիկանությունը կանգ չառան Վաչագան Սարգսյանի եւ Սաշիկ Սարգսյանի առաջ: Միեւնույն ժամանակ, Շմայսի վերջին հույսից բացի, ու դրանից թերեւս առաջ, Շմայսերը «էպոխալ» խորհրդանիշ էր Հայաստանի հեռացող համակարգի համար:

Ընդ որում, խիստ հատկանշական է նաեւ Շմայսի հայտարարությունը, թե «էս երկրում այլեւս զենք պահելու կարիք չկա»: Իհարկե, առաջանում է հարց, թե ինչու՞ մինչ այժմ կար այդ կարիքը, բայց դա այլ խոսակցության առարկա է:

Իսկ կարիք այլեւս չկա, որովհետեւ չկան այլեւս գլխավոր «էպոխալ» երաշխիքները, նրանք բերման ենթարկվեցին հունիսի 25-ին, ինչը նշան էր, որ ամեն ինչ վերջացած է: Առաջինը հասկացավ Շմայսը, որքան էլ տարօրինակ չթվա, հաշվի առնելով այն, որ նախորդ համակարգում նրա դերակատարումը կառուցված էր այսպես ասած ոչ ինտելեկտուալ հիմքերով:

Թեեւ, գուցե կան իրավիճակներ, երբ փոփոխություններն առաջինը զգում են բնազդաբար, քանի որ դրանք առերեւույթ նշաններով ու խորքային շերտերով ամբողջանալու համար ունենում են տարածություն եւ ժամանակ անցնելու անհրաժեշտություն:

Նյութի աղբյուրը` Lragir.am