Պարոն Դեմոյանին լրջանալու եւ սթափվելու կոչ եմ անում, որովհետեւ էն, ինչ-որ նա գրել է չի համապատասխանում իրականությանը: Այս մասին այսօր՝ հունիսի 27-ին, լրագրողների հետ զրույցում ասել է ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը՝ անդրադռնալով Հայկ Դեմոյանի գրառմանը:

«ԿԳ նախարարը եւ նախարարությունը Ցեղասպանության ինստիտուտ թանգարանի հիմնադիրն են, պարոն Դեմոյանը արդեն տեւական ժամանակ որեւէ պաշտոն չունի այդ ինստիտուտում, եւ Կրթության եւ գիտության նախարարը գնացել էր հանդիպելու ինստիտուտի ղեկավարության եւ անձնակազմի հետ, որովհետեւ տարբեր հրապարակումներ կային դրա հետ կապված:

Այսինքն մենք այնտեղ գնացել էինք որպես լիազոր մարմին եւ պարոն Դեմոյանին լրջանալու եւ սթափվելու կոչ եմ անում, որովհետեւ էն, ինչ-որ նա գրել է, չի համապատասխանում իրականությանը: Նա այնտեղ աշխատասենյակ չունի, քանի որ տեւական ժամանակ որեւէ պաշտոն չի զբաղեցնում ինստիտուտում»,-ասել է նախարարը:

Արայիկ Հարությունյանի խոսքով՝ Հայկ Դեմոյանը Ցեղասպանության ինստիտուտի ժամանակավոր պաշտոնակատարին ստիպել է, որ նա ազատման դիմում գրի եւ ըստ էության եկել եւ տնօրենի սենյակում է «բազմել»:

«Մենք պարոն Դեմոյանին զգուշացրել ենք, որ այդ ներխուժումը հակաօրինական է եւ շարունակելու դեպքում մենք կդիմենք ոստիկանություն: Մեզ նամակներ եղան, եւ մենք գնացինք ինստիտուտ ու հանդիպեցինք անձնակազմի հետ: Մենք խնդիրների մասին ենք հարցրել եւ որեւէ հարց բացի ֆինանսական փոխանցումների մասին, չի հնչել: Սա պարոն Դեմոյանի անձնական կապրիզներն են, եւ նա սիրո եւ համերաշխության այս մթնոլորտը խառնում է ամենաթողության հետ: Ես այս հարցով գրավոր կդիմեմ ոստիկանապետին, որպեսզի այս կարգազանցին, որեւէ պաշտոն չունեցող ինքնակոչին կարգի հրավիրի, որպեսզի օրինականություն հաստատվի ինստիտուտում»,-ասաց նախարարը:

Արայիկ Հարությունյանը հավելեց, որ այս պահին Ցեղասպանության ինստիտուտը ունի ժամանակավոր պաշտոնակատար՝ Գեւորգ Վարդանյանը, իսկ հետագայում տեղի կունենա նաեւ ինստիտուտի տնօրենի ընտրություն՝ համապատասխան կարգով:

Ինչ վերաբերում է համբուրվելու կոչին, նախարարն ասաց, որ ակադեմիական շրջանակներին ոչ հարիր պահվածք է, դա չի մեկնաբանի. «Անմակարդակություն է»: